Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որեւիցե մի շահ որեւիցե մի հարցում մենք չենք ունեցել եւ որեւիցե շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել:
Երկրորդը` չենք մասնակցել, որովհետեւ գիտենք` այս իշխանությունների օրոք առաջնահերթությունները` անվտանգային խնդիրները գերակա չեն. այլ այն իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Եվ երրորդը` չենք մասնակցել, որովհետեւ միեւնույնն է, մեծամասնությունը, այն, ինչպես մնացած բոլոր հարցերը, դակելու է: Եվ մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների` մանավանդ խորհրդարանական մեծամասնության առջեւ: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` փետրվարի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին անդրադառնալով անցած շաբաթ իր եւ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդագրերին:
«Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, եւ այնտեղ մենք կապացուցենք մեր անմեղությունն ու կներկայացնենք հանրությանը»,- ընդգծել է պատգամավորը:
Անդրադառնալով Ադրբեջանի հանցավոր գործողություններին եւ ցեղասպան քաղաքականությանը` Արծվիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը: «Ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ մեր անվտանգության համակարգի ուժեղացումը բխում է մեր ազգային շահերից»,- կարծիք է հայտնել պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով անհրաժեշտ է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցող եռակողմ ձեւաչափը: