Սերյոժա Ս․-ին մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու համար։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, թե ինչպես է տեղի ունեցել ենթադրյալ գողությունը։
2022-ի հուլիսի 28-ին ժամը 08:10-ի սահմաններում Երևանի Սեբաստիա 141/3 հասցեում գործող «Երևան Սիթի» հանրախանութի հաճախորդների իրերի համար նախատեսված պահարանի մոտ տեսնելով, թե ինչպես է Ե․ Թորոսյանը իր ձեռում եղած անձնկան իրերով տոպրակը դրել թիվ 72 պահարանում, փակել պահարանի դուռը, պահարանի դռան էլեկտրոնային փականի թվային դաշտում որպես փականն աշխատեցնող գաղտնաբառ հաջորդաբար հավաքել «1», «9», «5» և «4» թվերը և փականի փակվելուց հետո գնացել դեպի խանութի ներսը։
Կնոջ հեռանալուց անմիջապես հետո Սեյոժա Ս․-ն թիվ 72 պահարանի դռան էլեկտրոնային փականի թվային դաշտում հաջորդաբար հավաքել է «1», «9», «5» և «4» թվերը բացել պահարանի դուռը՝ այդ եղանակով շրջանցելով գույքի պահպանման և պաշտպանության համար նախատեսված սարքավորումը՝ էլեկտրոնային փականը և գաղտնի հափշտակել է Թորոսյանին պատկանող տոպրակը, որի մեջ եղել է անձնագիր, 185 հազար դրամ կանխիկ գումար, 150 հազար դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար թղթադրամ, 15 հազար դրամին համարժեք վրացական 100 լարի անվանական արժեքով թղթադրամ, 10 հազար դրամ արժեքով բջջային հեռախոս և 5.000 դրամ արժեքով գոգնոց՝ Ե․Թորոսյանին պատճառելով 365 հազար դրամի գույքային վնաս:
Նշվում է, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված եղել է, դատվածությունը մարվել է։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։ Հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: