Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ Թագուհի Թովմասյանի գրառման վերաբերյալ

Քննչական կոմիտեն պարզաբանում է հրապարակել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառման վերաբերյալ։

«Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերամբարձ և կտրական վերնագրի ներքո կատարել է գրառում այն մասին, թե իբր Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել, ներկաները գոռացել են փաստաբանի վրա, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին»։

ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։
Նախ՝ անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում չի գտնվել, գործողությունն իրականացվել է՝ Քրեական դատավարության օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերին համապատասխան։

Ավելին, հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կատարվում է անչափահասի հետ, այն սահմանված կարգով անցկացվել է հոգեբանի ներկայութմաբ և մասնակցությամբ։

Ելնելով նախաքննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկված քննիչները կարող են և պարտավոր են մասնակցել քննչական գործողություններին։

Սենյակ քննչական բաժնի 2 պաշտոնատար անձինք մտել են հարցաքննության ավարտից և դրա վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո, ինչը չի արգելվում քրեադատավարական որևէ կանոնով։ Ընդ որում, արձանագրությունը ստորագրել են նաև մասնակից հոգեբանը և անչափահասի պաշտպան փաստաբանը։

Հետևաբար՝ ճնշումներ գործադրվելու, գոռգոռալու վերաբերյալ հայտարարությունները, պնդումներն այն մասին, թե հարցաքննությունն ընդհատվել է, ստեղծվել է խառնաշփոթ, իրականության պարզունակ խեղաթյուրման դրսևորումներ են։

Այս իմաստով գրառման մեջ արվող անհիմն հետևություններն այն մասին, թե, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է, այսպես կոչված, ապօրինությունների մասին, հետևաբար՝ «հովանավորում է, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ», վառ երևակայության արդյունք են և քրեական վարույթը, անչափահասների իրավունքների պաշտպանության քողի ներքո, քաղաքական շահարկման առարկա դարձնելու նպատակ են հետապնդում:
Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահը նման գրառում կատարել է՝ հիմնվելով բացառապես փաստաբանի յուրովի, սուբյեկտիվ և իր մասնագիտական շահերից բխող մեկնաբանությունների վրա՝ առանց ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանում ստանալու, դրանք անաչառ վերլուծության ենթարկելու։

Ինչպես իրավամբ արձանագրված է վերոնշյալ գրառման մեջ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ ՀՀ ԱԺ նշված մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել փաստաբանի «մտահոգությունները նշելու», «ահազանգ հնչեցնելու» նպատակով (ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են համապատասխան իրավասու պաշտոնատար անձինք), այլ ոչ թե՝ դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք նմանատիպ միակողմանի գրառումներով չնպաստել իրականության խեղաթյուրմամբ հանրային կարծիքը վարույթն իրականացնող մարմնի դեմ օգտագործելու, այդ եղանակով նախաքննության նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարքների գործադրմանը և ձեռնպահ մնալ բացառապես իրավական դաշտում ընթացող գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից»,-ասվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել