Մեծ հաջողություն ենք մաղթում իր ամենաթանկը հայրենիքին նվիրաբերած հայ կնոջը․ «5165 շարժում»

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Խորը հարգանքով ենք վերաբերվում ազգային, հասարակական գործիչ Կարին Տոնոյանի՝ քաղաքական գործունեությունը դադարեցնելու և բանակի խնդիրների լուծման ուղղությամբ ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու մասին որոշմանը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի գործընկերոջը՝ հիմնադրման օրվանից մինչ այս պահը «5165 շարժումն» առաջնորդելու համար։ Կարին Տոնոյանի ներկայությունը կրկնապատկել է շարժման յուրաքանչյուր անդամի պարտավորությունը՝ հետապնդելու վերանձնային նպատակներ, հայրենիքի, պետության շահը դարձնելու հանրային գործունեության գլխավոր մոտիվը։

Մեծ է եղել նրա դերը՝ քաղաքական թիմում իսկական հարազատական, ընտանեկան մթնոլորտ ու միջանձնային հարաբերություններ պահպանելու գործում։ Երախտապարտ ենք տիկին Տոնոյանին, ով երկու տարի առաջ իր ծանր վշտի պայմաններում համարձակ որոշում կայացրեց մտնել մի դաշտ, որտեղ շնորհակալությունից ավելի պարսավանք ու խարդավանք կա։ Սա ուղերձ է առ այն, որ իսկական հայը, հանձնառու քաղաքացին որքան ցածր է համարում իր անձը հայրենիքի առջև և որքան վեր է դասում հայրենիքի ցավը իր անձնական ցավից։

Մեր բանակն այսօր հանրային աջակցության, մայրական սրտացավության կարիք ունի։ Մեծ հաջողություն ենք մաղթում իր ամենաթանկը հայրենիքին նվիրաբերած հայ կնոջը՝ հանուն հզոր բանակի ու ազգային կրթության իր բոլոր ձեռնարկումների մեջ․ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ ձեռնարկումների իրագործմանը։ Մենք ավելի պարտավորված ենք մեր ուժերի ներածին չափով կերտելու այն պետությունը, հանուն ինչի Կարին Տոնոյանը միացել էր «5165 շարժմանը»»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարին Տոնոյանը հայտնել էր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել