Կսահմանվեն բացօդյա սրճարանների գործունեության պայմանները․ Երևանի որոշ փողոցներում կարգելվի նման գործունեությունը

Երևան քաղաքի ավագանին փետրվարի 14-ին կգումարի 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստին ավագանին կսահմանի Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի որոշման համաձայն՝ նշված ժամանակահատվածում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունները կտրամադրի է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը համապատասխանի սահմանված պահանջներին:

Նախագծի համաձայն՝ հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքը կտրամադրվի․

1) բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ մայթի առավելագույնը մինչև վաթսուն տոկոսի չափով հատվածում՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, սպասարկման համար անհրաժեշտ շարժական պահարան, տարածքին էսթետիկական պատշաճ տեսք արտահայտող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ էլեմենտներ, բազրիքներ, ինչպես նաև հովանոցներ կամ առանց կրող կամ լրացուցիչ հենասյուների տեղադրում պահանջող ծածկոցներ։ Նախորդ նախադասությամբ ամրագրված 1,8 մետր լայնության պահպանման պահանջը չի տարածվում տնտեսվարող սուբյեկտների դեպի Ա. Պուշկինի, Ա․ Թամանյանի և Մ. Սարյանի փողոցներ ուղղված ճակատային հատվածների վրա։

2) տվյալ շենքի, շինության ճակատային մասով, բացառությամբ եթե առկա է հարակից 1-ին և (կամ) նկուղային և (կամ) կիսանկուղային հարկի շենքի, շինության սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը,

3) շինությանը կից հատվածից մինչև մայթի եզրը, բացառությամբ կանաչապատ գոտին,

4) մայթի նույն ուղղությամբ գտնվող սրճարաններին ճակատից հավասար հեռավորության վրա։

Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար թույլատրվում է տեղադրել սեզոնային սրճարանի սարքավորումների տարրեր՝ դրանց ամրացման տարրերի խորացմամբ մինչև 0,3 մետր: Սեզոնային սրճարանն ապամոնտաժելիս թույլտվություն ստացած անձը ապահովում է խախտված բարեկարգման վերականգնումը։ Սեզոնային սրճարանի ապամոնտաժման ժամանակ սույն կետում նշված սարքավորումների ամրացման տարրերը նույնպես ենթակա են ապամոնտաժման:

Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող հովանոցները կարող են լինել կամ միագմբեթ կամ բազմագմբեթ՝ կենտրոնական հենարանով.

1) հովանոցների և բուսակամարների (պերգոլաների) բարձրությունը չպետք է գերազանցի շենքի, կառուցվածքի առաջին հարկի բարձրությունը (ծածկի գիծ առաջին և երկրորդ հարկերի միջև), որը զբաղեցնում է հանրային սննդի օբյեկտը,

2) տեղադրվող հովանոցների և բուսակամարների (պերգոլաների) շրջանակի (կարկասի) նյութը կարող է լինել մետաղ, փայտ (մշակված, ներկված), ինչպես նաև կոմպոզիտային նյութեր։ Որպես ծածկույթի նյութ, կարող է օգտագործվել մթնոլորտային տեղումներից պաշտպանող հատուկ մշակում ունեցող գործվածք,

3) սեզոնային սրճարանի հովանոցների և պերգոլաների կահավորման համար պետք է օգտագործել պաստելային երանգի նյութեր,

4) սեզոնային սրճարաններ կազմակերպելիս վրանների օգտագործում չի թույլատրվում։

Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերը տեղադրվում են մեկ գծով՝ սեզոնային սրճարանի տեղակայման սահմաններում։ Ընդ որում․

1) սեզոնային սրճարանների կազմակերպման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերի բարձրությունը չի կարող լինել 0,6 մետրից պակաս (բացառությամբ ցանկապատի գործառույթ կատարող կանաչապատման կոնտեյներների տեղադրման դեպքերի) և գերազանցել 0,9 մետրը (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի),

2) սեզոնային սրճարաններ կահավորելիս թույլատրվում է օգտագործել թափանցիկ շարժական, ծալովի դեկորատիվ ցանկապատեր՝ հավաքված (ծալված) վիճակում 0,9 մետրից ոչ ավելի բարձրությամբ,

3) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները, որոնք դասավորված են ասֆալտբետոնե (մայթի սալահատակային) ծածկույթի վրա, պետք է պատրաստված լինեն կոշտ հատվածներից, որոնք ամրացված են միմյանց կայունությունը ապահովող տարրերով,

4) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները չպետք է պարունակեն տարրեր, որոնք վտանգ են ներկայացնում հետիոտնի երթևեկության անվտանգության համար:

Ձմեռային սեզոնին տարածքի կահավորման համար թույլատրվում է տարածքը կահավորել ոչ ստացիոնար (ժամանակավոր և հավաքվող), ամուր դեկորատիվ պոլիէթիլենային պլաստիկե թաղանթով կամ օրգանական ապակեպատմամբ՝ ապահովելով օբյեկտի և քաղաքաշինական միջավայրի ճարտարապետական և գեղարվեստական կերպարի պահպանումը: Ամառային սեզոնի ընթացքում նշված սարքավորումներն ենթակա են ապամոնտաժման:

Թույլտվությունը ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է․
1) Տարածքում կազմակերպվող ծառայությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ապահովել Տարածքին հարակից կամ անմիջականորեն ներառող հատվածներում հետիոտնի համար նախատեսված մայթերի կամ անցուղիների գոտիների լիարժեք ազատ միջավայրը՝ հաշվի առնելով նաև բնակչության տեղաշարժման դժվարություններ ունեցող խմբերի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունը (թեքահարթակների, բազրիքների, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումների միջոցով),

2) Տարածքի տեղադրվելիք սարքավորումները տեղակապել շենքի ճակատների ճարտարապետական տարրերին, որտեղ գտնվում է ստացիոնար հանրային սննդի ծառայություն մատուցող օբյեկտը,

3) տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող և միևնույն շենքում, կառուցվածքում տեղակայված հանրային սննդի օբյեկտներում մի քանի սեզոնային սրճարաններ տեղադրելու դեպքում սեզոնային սրճարանը կահավորել մեկ ճարտարապետական և գեղարվեստական ոճով (կոնստրուկցիայի միասնական նյութ, փոխկապակցված գունային լուծում)՝ պահպանելով սարքավորումների տարրերի հորիզոնական և ուղղաձիգ ուրվագծերի համամասնությունը,

4) տարածքի կահավորման մեջ օգտագործվող սարքավորումների տարրերը իրականացնել մեկ ճարտարապետական-գեղարվեստական ոճով, հաշվի առնելով ճակատների գունային լուծումը և շենքի, կառուցվածքի ոճը, որտեղ տեղակայված է հանրային սննդի օբյեկտը, ինչպես նաև շրջակա կառուցապատման ճարտարապետաքաղաքաշինական լուծումը և հարակից տարածքի բարեկարգման առանձնահատկությունները,

6) թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքն ազատել և բերել նախկին տեսքին։

—Հանրային սննդի սեզոնային ծառայությունն արգելվում է կազմակերպել․

1) կանաչապատ տարածքներում,

2) ստորև նշված փողոցներում՝
ա․ Ազատության հրապարակին հարակից տարածքներում և դրան հարող մայթերին,
բ․ Մ. Մաշտոցի պողոտայի կառուցապատման գծից դուրս հատվածներում,
գ․ Սայաթ-Նովա պողոտայի Սայաթ-Նովա-Տերյան և Սայաթ-Նովա-Մ. Մաշտոց խաչմերուկներում ընկած հատվածում,
դ․ Սպենդիարյան փողոցում,
ե․ Օղակաձաև զբոսայգում և դրան հարող մայթերին,

3) օգտագործելով աղյուսներ, շինարարական բլոկներ և սալեր, մոնոլիտ բետոնի, երկաթբետոնի, պողպատե պրոֆիլավորված թիթեղների և ազդերիզային գործվածքներ,

4) իրականացնելով ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների անցկացում և կապիտալ բնույթի շինմոնտաժային աշխատանքներ,

5) օգտագործելով կահավորման և շվաքարանի տարրերի երեսպատման համար պոլիմերային թաղանթների, կղմինդրի, մետաղական կղմինդրի, մետաղի, ինչպես նաև ռուբերոիդի, ասբեստոցեմենտի սալեր,

6) կահավորման համար օգտագործելով ամառանոցային, պարտեզային և ինտերիերի կահույք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել