ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ:
Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ Փաստաբան Հրանտ Անանյանը, որը վարույթի շրջանակներում ներկայացելու է բռնության ենթարկված գործընկեր փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը, նշեց, որ տեղի ունեցած միջադեպը, դրա շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։ Փաստաբանները մասնակցելիս են եղել իրենց անչափահաս վստահորդի առերեսմանը՝ վերջինիս բերման ենթարկած օպերլիազորի հետ։