ՀՀ մշտական ներկայացուցչը հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներին

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։

Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։ Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։

Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։

Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

Արմեն Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել