Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները երկու փաստաբանի են ծեծել, հայհոյել

Ոստիկանության Էրեբունու բաժնում, փետրվարի 10-ի գիշերը, իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանների կողմից երկու փաստաբան՝ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը բռնի ուժի են ենթարկվել, նրանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Ես ուզում եմ տեղեկացնել և կրկին հայտարարել, որ Փաստաբանների պալատը ամենայն ուշադրությամբ և հետևողական է լինելու նմանատիպ բացասական երևույթներին։ Այս երևույթները մեզ համար անընդունելի են և ըստ էության որոշ պաշտոնատար անձինք, որոնք նաև աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանը ունի բացառիկ առաքելություն, այդ առաքելությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ»,-ասաց Բաբայանը։

Փաստաբանական ակադեմիայի ղեկավար Արա Զոհրաբյանը նշեց, որ երկար տարիներ նման երևույթի չէին հանդիպել։

«Ոստիկանի կողմից անչափահասներին ծեծի ենթարկելու փաստով մեր գործընկերները գնացել են բաժին, որտեղ անչափահասը պետք է  առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ։ Եվ պատկերացրեք Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են այդ առերես քննության ժամանակ, հետո էլ պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ու ծեծել են, ծեծել, հայհոյել։ Մյուս փաստաբանն այդ ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել։ Փաստաբանների պալատի նախագահն է գնացել դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը ինչ-որ վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրենք իրավունք ունեն պատժել։

Նույնիսկ, եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա Փաստաբանների պալատ, որտեղ կարող էին իրենք դիմել։ Լավ, եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո կա քրեադատավարական ընթացակարգ։ Ինչ է նշանակում փողոցային հասկացություններով փաստաբաններին ծեծել։ Սա անընդունելի արարք է:

Ես կոչ եմ անում ոստիկանության պետին, Ներքին գործերի նախարարին՝ արագ միջոցներ ձեռնարկել, այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել այդ ծեծլու գործընթացում՝ պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ առնվազն պետք է նրանց լիազորությունները կասեցվեն, նրանք չեն կարող ոստիկան լինել»,-մանրամասնեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել