Կառավարության հավանությանն է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես, իսկ հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Ընդ, որում նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով:
Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ համապատասխան պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման կարգը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով: Օրինագծի ընդունման արդյունքում վերը նշված կարևորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով, ինչպես նաև կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ ինչպես բանակում, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունում սկսվում է ատեստավորման գործընթացը. «Այդտեղ էլ մեր նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում»: