«Սկսում ենք զինծառայողների ատեստավորման գործընթացը․ աշխատավարձը կկրկնապատկվի»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը սահմանել է Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողներին կհաշվարկվի հավելավճար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը:

Դրանք ներառում են համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը, դրանց անմիջական իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթները: Ատեստավորման կազմակերպման և անցկացման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների գնահատումը նախատեսել չորս ուղղություններով՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության, ֆիզիկական պատրաստության աստիճանի, կրակային պատրաստության աստիճանի և շարային պատրաստության աստիճանի գնահատման միջոցով, հստակեցնել կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

Կառավարությունը սահմանել է նաև Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը: Մեկ այլ որոշմամբ էլ՝ Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ատեստավորումը կիրականացվի նախարարի հրամանով ստեղծված 5 կենտրոնում և 10 հանձնաժողովների միջոցով: «Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, կատեստավորվեն առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,-ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ զինծառայողները 3 ամիս ժամանակ կունենան պատրաստվելու դրան և տարին 2 անգամ հնարավորություն կունենան կրկին փորձելու ատեստավորվել: Բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ այսպիսով մեկնարկում է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով՝ կախված պաշտոնից, կոչումից, հաստիքից, զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան: «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն մարդիկ, որոնք կրում են զինվորական համազգեստ, համապատասխանում են շատ կոնկրետ չափանիշների: Իհարկե, դա մենք մի գործողությամբ չենք իրականացնի, գնահատման սանդղակներն էլ պետք է փոխենք: Մենք պայմանավորվել ենք նաև, որ ատեստավորման գործընթացում կներգրավվեն այլ գերատեսչությունների կամ գուցե կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեր խորհրդարանական գործընկերները, որպեսզի մենք վստահ լինենք, որ սահմանված որակական չափանիշները պահպանվում են»,- ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առնվազն կրկնապատկվող աշխատավարձից որոշակի չափ կհատկացվի առողջապահական ապահովագրությանը. «Դա նույնպես կարևոր որոշում է: Դրա արդյուքնում սոցիալական երաշխիքների համակարգն ավելի է ամրանում: Առողջապահության ապահովագրումը ոչ թե գումարի, այլ առաջին հերթին որակի մասին է: Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի առողջապահության ապահովագրությամբ մարդիկ էականորեն ավելի լավ որակի ծառայություններ ստանան»:

Նիկոլ Փաշինյանը ընդունված որոշումները կարևորել է հատկապես Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համատեքստում. «Պրոֆեսիոնալ բանակ ասելիս, երբեք նկատի չի առնվում, որ ընդհանրապես որևէ ժամկետային զինծառայություն չի լինելու: Մենք ասել ենք՝ ժամկետային զինծառայության բովանդակությունն ու կառուցվածքը պետք է փոխվի, և պետք է անցնեք պրոֆեսիոնալ բանակի: Այս առումով ես շատ ուրախ եմ, որ մենք, կարծես, թե արդեն մտնում ենք գործնական փուլ ևս մի կարևոր բարեփոխում իրականացնելու՝ հնարավորություն ենք տալու կանանց կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են անցնել պայմանագրայինի»: Այդ հնարավորությունը հավանաբար հասանելի կլինի մինչև գալիք ձմեռային զորակոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել