Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի կողմից հավաքվող կրեդիտների չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը:

Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է վերապատրաստվողին տվյալ վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված վերջնարդյունքների առնվազն 60 տոկոսը հաղթահարելուց հետո

Ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերին համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է`

  • առարկայի իմացության կրեդիտ, 
  • դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ, 
  • սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ,
  • ինքնազարգացման և մանկավարժական համայնքի հզորացման կրեդիտ:

Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի համար սահմանվում են միավորներ։ Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Աշխատանքը համարվում է հանձնած՝ առնվազն 50 միավոր հավաքելու դեպքում։

Զարգացման ոլորտի ուսումնասիրության արդյունքում 60 և ավելի միավոր ստացած ուսուցչին տրվում է 1 կրեդիտ։ Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե զարգացման ոլորտներից յուրաքանչյուրի համար ստացել է 1 կրեդիտ։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսուցչի լսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասախոսություններին և գործնական աշխատանքներին։

Ուսուցչի՝ վերապատրաստման ընթացքում ուսումնասիրած դասընթացների համար ստացած գնահատականները գրանցվում են ակադեմիական տեղեկագրում, որն արտացոլում է ուսուցչի կատարած ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակը: Տեղեկագրում գրանցված կրեդիտներն ուժի մեջ են՝ անկախ  վերապատրաստման ծրագրի կամ վերապատրաստող կազմակերպության կարգավիճակի կամ կազմակերպաիրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից:

Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա, բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա, վերապատրաստումներից անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակելու կամ ցածր միավորներով հանձնած մասնագիտական գործունեության ձևի դասընթացին (իր միջոցների հաշվին) կրկին մասնակցելու և դրանք լրացնելու համար կամ անհաղթահարելի ուժի պայմաններում ուսուցչին տրվում է հնարավորություն՝ լրացնել դրանք հաջորդ տարի: Հաջորդ տարի անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակած ուսուցիչը համարվելու է չատեստավորված։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել