Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։
Այդ մասին շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ան Կլեր Լեժանդրը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա. Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։
Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում,: Մենք որոշեցինք այս շրջանակներում ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների նկատմամբ հարգանք ապահովելու նպատակով։
Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և այս իրավիճակը կարգավորվի, լարվածությունը թուլանա»։