Կայացել է ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի նիստը

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Զեկուցողը նշեց, որ հաշվետու տարում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրեց, որ 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով: Ընդ որում, 7367 դեպքից 3602-ը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն է:

Գրանցված 37 612 դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (56,6 %) և միջին ծանրության (27,6 %) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,2 %-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:

Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք:

Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (2021 թվականին՝ 943) միավոր զենք:
2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:

Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է՝ 321, և մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով:

2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:

Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը, նշեց թերություններն ու բացթողումները և համապատասխան հանձնարարականներ տվեց դրանց վերացման համար:

ՀՀ ոստիկանության պետը 2023 թվականը հայտարարեց թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի։

Նիստի ավարտին պարգևներ շնորհվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել