«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։
Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո։
Այսպես՝
2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա:
Մասնավորապես, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից` ՌԴ-ից դեպի ՀՀ մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ՀՀ-ից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում: Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում: Այս առումով, 2022թ. բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ը` 14.2%) չի կարող համարվել կայուն, ինչը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ:
Արդյունաբերության աճի տեմպը (դեկտեմբերին գրանցվել է բավական ցածր մակարդակում՝ կազմելով 2.7%) էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է:
Սա նույնպես խոսում է 2022թ. տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին: Խնդիրն այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն, և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարեժքի արժևորման հետևանքով:
Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին:
Մասնավորապես, բանկային համակարգում 2022թ. էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:
Իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում, ինչը մի կողմից նշանակում է, որ տնտեսությունում ստեղծվող արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է:
Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են 2022թ.: Սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում: Այսպես, իրական միջին աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով: Սա բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ՝ եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ-ը, որն իրական աճի ցուցանիշ է, կազմել է 14.2%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին, ինչը նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին: Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3l4kdrO ։