ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1321 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը՝ 4:
Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով:
Մագիստրատուրայի ընդունելության տեղերը նախագծվել են` հիմք ընդունելով բուհերի կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, մագիստրոսի կրթական ծրագրով փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի (ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի) բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:
30 տեղ հատկացվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների ընդունելությանը՝ առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտություններով ուսումնառելու համար։
Բոլոր շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև փետրվարի 15-ը: