Կառավարությունը փետրվարի 2-ի նիստին որոշում ընդունեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել՝ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Iravaban.net-ը հայտնում է, որ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Որոշման մեջ ասվում է․
«Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով՝
ա. 2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 33-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի»: