ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2022թ. Կոմիտեի գործունեության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, հանցավորության շարժընթացի, առկա ռեսուրսների համատեքստում նախաքննության որակի և արդյունավետության հետ կապված ձեռքբերումներն ու թերությունները։

Արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Այս աճը պայմանավորված է նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի դադարով։ 2022թ. հուլիսից, այսինքն նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելուց հետո, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Տարվա ընթացքում ավարտվել է 20,108 քրեական վարույթ, որից 4798-ը ուղարկվել է դատարան։

ՀՀ ՔԿ քննիչների կողմից խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 1768 միջնորդություն, որից 1424-ը բավարարվել է:

Ամփոփման ընթացքում շեշտվել է այն հանգամանքը, որ էականորեն ավելացել է ՀՀ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, ՔԿ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը տարվա ընթացքում կազմել է 111 քրեական վարույթ, նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է 27,5%-ով:

ՀՀ ՔԿ-ում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 7.299.459.415 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու կարևոր խնդրի վրա։

Նախ՝ նա շեշտել է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանափակումներ են նախատեսվել նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների առումով, որը խիստ ծանրաբեռնվածության պայմաններում ստիպում է արագացնել վարութային և ապացուցողական գործողությունները և կայացնել վերջնական դատավարական որոշումներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա՝ բացառելու համար դրանց խախտման հետևանքով հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։

Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով վարույթի կասեցման ինստիտուտը ևս վերացել է, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է հստակ ժամանակացույցի հիման վրա անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդիրը։

Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:

ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։

ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել