Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Դուք, որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։
Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնց ընթացքում նախանշվել են երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարներ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը, փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և հարստացնել մեր ժողովուրդների միջև առկա բազմադարյան բարեկամության պատմական էջերը նոր ձեռքբերումներով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: