Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛  սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:

Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:

Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով  առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:

Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով  նրանց տրամադրվելու է  որոշակի գումարի չափով աջակցություն։

Տնտեսական  ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները:

Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև  կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող  հրատապ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել