Ավելի քան երկու տարի առաջ Արցախի Շուշի քաղաքից Երևան տեղափոխված մանկավարժ Լիդա Մկրտչյանը ավելի քան մեկուկես ամիս տևած արցախյան բլոկադայի ֆոնին կոչ է անում ոչ թե հուսահատվել ու ընկճվել, այլ ավելի համախմբվել, ամրանալ հավատքի մեջ։
63-ամյա Լիդա Մկրտչյանը Շուշի քաղաքում է թողել շեն տուն ու տնտեսություն, սիրելի աշխատանք՝ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, ողջ կյանքի ընթացքում իր ու զավակների ստեղծած բարիքն ու իր սիրելի հերոսներից մեկի՝ Մամբրե Արքայի նման, բռնել գաղթի ճամփան։ Վստահ է՝ ժամանակավոր է։ Չնայած դժվարություններին՝ Լիդան չի հուսահատվել։
Iravaban.net-ի հետ տեղի ունեցած զրույցը սկսեցինք արցախյան 44-օրյա և ապրիլյան պատերազմների մասին հուշերով։ Նա մեզ հետ կիսեց իր մտահոգությունները կրթության վերաբերյալ։ Խոսեցինք նաև մոր կարևոր դերի, ժենգյալով հացի գաղտնիքի մասին։
Լիդան լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ սկսեցին լսվել արկերի ձայները․ «Կիրակի առավոտ կանուխ գնում էինք եկեղեցի․ երեք որդիներս շապիկ էին հագնում, Սուրբ պատարագին մասնակցում որպես սպասավորներ։ Ես ու ամուսինս էլ որպես ծխի անդամներ պարտադիր այնտեղ պիտի լինեինք։ Այդ օրը սովորականի պես պատրաստվում էինք։ Ես էլ մաքրություն էի անում, որ ամեն ինչ պատրաստ լինի, որովհետև սովորաբար այդ օրը եկեղեցուց հյուր էր գալիս մեր տուն։ Իմ սենյակի պատուհանից նկատեցի, որ հակաօդային պաշտպանության գնդի կողմից արկերի ձայներ լսվեցին․ ահռելի թնդյուն էր։ Շտապեցի բաղնիքի կողմ, ուր ամուսինս լոգանք էր ընդունում․ ասում եմ՝ այ տղա, շուտ դուրս արի, կռիվ է սկսվել։ Ինքն էլ թե՝ ի՞նչ ես խոսում, է՛։ Ես էլ թե՝ քեզ լուրջ բան եմ ասում։ Տղաներս էլ վեր էին կացել, եկել։ Հիմա մտածում ենք՝ դեպի եկեղեցի շտապենք, բայց ճանապարհին տեսանք, որ քաղաքացիները հավաքվել են մշակույթի պալատի շենքի մոտ։ Խորհրդակցեցին, որոշեցինք պատսպարվել նկուղում։ Բայց երբ ինտենսիվ կրակոցները մի քիչ հանդարտվեցին, նորից եկանք տները՝ հավաքվելու։ Դրանից հետո մտածում ենք՝ կռիվ է սկսվել, ով՝ ինչ պետք է անի․ իմացանք, որ հակաօդային պաշտպանության ինչքան պահեստ կար շուրջբոլորը, բոլորը ոչնչացված էին՝ կետային հարվածներով։ Տղաներիս ասացի՝ հիմա ի՞նչ ենք անելու։ Ասացին՝ դե ինչ պետք է՝ անենք, պիտի գնանք, կամավորագրվենք։ Գնացին։ Ես էլ հետևներից որոշեցի տանը եղած տաք-տաք հագուստները՝ բուշլատները տանել․ ցուրտ կլինի, գոնե ամեն մեկը մի բուշլատ ունենար․ ով էր իրենց այնտեղ տալու։ Մինչև հետևներից հասա, մեկն արդեն գնացել էր։ Էն երկուսին տվեցի, էն մեկը առանց տաք հագուստի գնաց։ Չսպասեց։ Մեկին տարան Հայկազով, այդտեղ հրետանավորներն էին, իսկ երկուսին տարան Մատաղիս»։
Մատաղիս գործուղված իր որդիները պատմել են, որ այնտեղ նրանց տարել են, թողել ճամփին և նշել՝ «դե դուք արդեն ստեղից կգնաք», և այդ մեքենաները հետ են վերադարձել։ Բայց ուր և ինչպես պետք է գնային՝ պարզ չի եղել․ ոչ զորամասի թիվ են նշել, ոչ էլ մեկ այլ տեղեկություն տվել, որով հնարավոր կլիներ կողմնորոշվել, թե ուր են գնալու և ով էր դիմավորելու կամավորներին։ Ըստ տղաների՝ իրենք նույն ճամփով շարունակել են, մեկ էլ դիմացից մեկը դուրս է եկել, հայերեն ասել է՝ եկեք, եկեք, ճիշտ եք գալիս։
«Դե հայերենով ասվել է՝ եկեք․ ի՞նչ պետք է անեին»,- Լիդայի ձայնը անհանգստությունից դողում էր,- «Ի՞նչ իմանային, որ ծուղակ է։ Մի քիչ էլ առաջ են գնացել, թուրքերը սկսել են խփել։ Ձեռքներին ոչ զենք ունեին, ոչ զրահ կար։ Հասկանալի է, որ պետք է փորձեին փախչել ու թաքնվել»։
Ըստ Լիդայի՝ այս խմբի տղաներից մի մասին է միայն հաջողվում քայլելով հասել Բալուջա, և միայն այդ հատվածում միանալ հայկական զորամիավորման․ «Երկու տղաներս էլ այս խմբի մեջ էին։ Տղաներիցս միջնեկը՝ Սոսը, շատ տաք սապոգներ էր հագել, վրան էլ մեծ էին․ ոտքի թաթի տակը արյունլվիկ էր եղել, քանի որ կիլոմետրերով առանց հանգստանալու քայլել էին»։
Տղաները մինչև վերջին օրը կռվել են առաջնագծում։ Ավելի ուշ նաև Շուշի մատույցներում։
Լիդայի կրտսեր որդիներ Սոսն (31տ․) ու Դավիթը (25տ․)՝ մարտական գործողությունների ժամանակ․ լուսանկարները՝ «Գոյամարտի» ռեպորտաժից
Շուշիի պաշտպաններից հինգ հոգի էին մնացել, – ասում է Լիդան, – այնտեղ հրամայել էին, որ սպեցնազը դուրս գա, կամավորները դուրս գան, մնացած հինգ պաշտպանների մեջ երկուսը իմ տղաներն էին։
Ապաստարանում խուճապը տեղ չուներ. դպրոցի փոխտնօրենը համատեղությամբ նաև հացթուխ
«էդ ո՞վ է պարտավոր, որ ձեզ համար հաց թխի․․․ Էս րոպեին չորս կին դեմս կանգնի, ես էլ հինգերորդը․․․»
Մինչ Լիդայի զավակները առաջնագծում էին, նա ապաստանում շարունակում էր ոգի տալ շուշեցիներին․ դպրոցի փոխտնօրենի խիստ հայացքի ներքո տրտնջոցներն ու «վախվիշներն» արգելված էին․ «Ասել եմ՝ մեկդ վախվիշ արեց, գլուխը վերցրեց, ծնկներին խփեց, ինչ արեց, կողքս չտեսնեմ։ Տեսնու՞մ եք ինձ, ձեզանից ո՞ր մեկը երեք տղա ունի պատերազմի դաշտում․ ո՞րդ՝ ունի կամ չունի, ես երեքին եմ ուղարկել։ Իմ ունքամիջին կնայե՛ք, ինչ տրամադրություն ունենամ, դուք էլ նո՛ւյնը կանեք։ Դուք մեզ թուլացնելու իրավունք չունեք»։
Ապաստանում Լիդան ձեռքերը ծալած չի նստել․ զբաղվել է կազմակերպչական աշխատանքով, հաց է թխել։
«Պատերազմի ժամանակ հացի փուռը շատ մոտիկ էր, գնում էինք, հաց բերում»,- պատմում է Լիդան,-«բայց երբ կռիվը թեժացավ, աշխատողները թողեցին, փախան։ Մնաց մի կարճլիկ տղա՝ Սպարտակը։ Նա պետք է թե՛ խմորը շաղախեր, թե՛ գնդեր հունցեր և թե՛ թխեր, բայց տրտնջում էր։ Դե բնական է՝ մենակ հինգ հոգու գործ չես անի։ Փռի տերն եկավ, ասաց․ կանայք եք էլի, չե՞ք գա, օգնեք, թխենք։ Էս կանայք ամեն մեկը մի անկյունում քթները տնկած նստեցին։ Ասացի․ «Հըլը ինձ նայեք, էդ ո՞վ է պարտավոր, որ ձեզ համար հաց թխի, բերի, որ դուք էլ ուտեք։ Էս րոպեիս չորս կին, դեմս կանգնի, ես էլ հինգերորդը․ գնում ենք հաց թխելու։ Ինչ-որ պետք է, անելու ենք։ Ցերեկը կանչի՝ գնալու ենք, գիշերը կանչի՝ էլի գնալու ենք, անվճար աշխատելու ենք, որ մենք էլ հաց ունենանք, ժողովուրդն էլ․ նկուղում նստած ինչ՞ ենք անելու՝ ախ-վի՞շ ենք անելու։ Կարոտ չեմ ձեր բամբասանքին․ գնացի՛նք»։
Մի օր փռի տերն ասում է, որ ալյուրն ու դրոժը վերջանում են, մնացել են երկու օրվա պաշար։
Լիդան պատահաբար Երևանից մի ծանոթ կնոջ է հանդիպում․ «Ասաց՝ Լիդա ջան, ինչո՞վ կարող եմ օգնել։ Ասացի՝ տիկին Գայանե ջան, փուռը ո՛չ ալյուր ունի, ո՛չ դրոժ։ «Վայ, – ասաց, – վաղը Երևանից ավտո է գալու, դեղորայք են բերելու, ասեմ՝ ինչքան հնարավոր է ալյուր բերեն»։ Ու բերեցին մի տասը պարկ ալյուր։ Մի քանի օր էլ դա հերիքեց։ Դեղորայք էլ վերցրի մարդկանց համար»։
Ոգին կարևոր է․ Ապրիլյան քառօրյան ու Մամբրե Արքան
Լիդան պատմում է, որ նույն անկոտրում ոգին փորձել է Ապրիլյան քառօրյայի ժամանակ պահպանել․ երեք որդիներն էլ ռազմաճակատում են եղել․ երկու մեծերը՝ կամավոր, փոքրը այդ ժամանակ ծառայության մեջ էր։
«Փոքրս արձակուրդ էր եկել։ Ապրիլի երկուսին պետք է վերադառնար զորամաս։ Ինչո՞վ գնար, Մարտակերտի վրա ռմբակոծում էին։ Տրանսպորտ չկար, մեքենա չկար, ոչ մի շարժ չկար, ճանապարհն էլ փակ։ Իսկ ինքը պետք է Մարտակերտի միջով անցներ, գնար «Եղնիկներ»։ Ամուսնուս հետ տղայիս վերցրինք, տանում ենք։ Շտաբից շտաբ գնում ենք․ ո՞նց հասցնենք էս երեխուն իրա զորամաս։ Թաքցնելու բան չի, գլուխ պահելու բան չի, պիտի գնա, ներկայանա։ Գնացինք, հասանք Ստեփանակերտի շտաբ, ասացին՝ ճանապարհը որ բացվի, մենք ձեզ իմաց կանենք, կտանեք կհանձնեք դիվիզիոն, իրենք կուղարկեն։ Վերջը էդտեղ մի քանի ժամ սպասեցինք»,-պատմում է Լիդան։
Երբ ռմբակոծության ներքո տղային հասցրել են զորամաս, սպաները շտապեցրել են։ «Ձեր ավտո՞յով եք եկել, – ասել են սպաները, – դե շու՛տ արեք, ավտոն նստեք ու դուրս եկեք այստեղից»։
Ճանապարհին արագ ընթացքի մեջ հանկարծ Լիդան գիտակցել է, որ տղային կրակի բերան է թողել, ինքն էլ փախչում է։
«Ինձուինձ մտածում եմ՝ Տեր իմ Աստված, բա ես մա՞յր եմ, ես ծնո՞ղ եմ, իմ մատղաշ երեխուն տարա մարտի դաշտ, ինքս էլ արագ-արագ փախչում եմ․ ես էս ի՞նչ մայր եմ, բայց անմիջապես դիմեցի Տիրոջը՝ Տե՛ր Աստված, քեզ եմ հանձնել իմ երեխաներին, հիմա դու պաշտպանիր նրանց»,-հիշում է նա։
Տղային զորամաս տանելուց երկու օր անց՝ ապրիլի չորսին, Լիդան պետք է դպրոցում բաց դաս անցկացներ․ թեման Մուշեղ Գալշոյանի «Մամբրե արքան» էր։ Կոլեգաները փորձել են համոզել փոխտնօրենին․ այս օրերին ո՞վ սիրտ ունի բաց դաս անցկացնելու, խնդրել են բոլորի բաց դասերը չեղարկել, բայց Լիդան անհողդող էր։
«Ո՞նց կլիներ այդպես․ սա էլ իմ կռիվն էր, ես էլ իմ ասելիքն եմ ասել՝ Մամբրեի հետ միասին», – պատմում է նա երեխաներին ուղերձ տալու, մարտական ոգին բարձր պահելու իր կարևոր առաքելության մասին,- «մի մենախոսություն էի պատրաստել՝ Մամբրեի օսմանի դեմ կռիվը ներկայացնելուց հետո մի ազդեցիկ խոսք պիտի ասեի․ ոնց կարող էի ես դա չեղարկել։ Ասել եմ՝ օսմա՛ն, դու գիտե՞ս, որ Դավթի դեմ ես ելել, գիտե՞ս՝ ի՜նչ դավիթներ կան, գիտե՞ս, օսմա՛ն, ի՜նչ մայրեր են էդ դավիթներին մեծացրել, ի՜նչ հայրենասեր տղաներ են այդ առյուծ մայրերն ունեցել․ ո՛չ մի Դավիթ ձեր թրի տակով չի անցնի, ի՛մն էլ չի անցնելու, հաղթանակած տուն է վերադառնալու»։
Բաց դասի սկսելուց առաջ Լիդան իրեն լավ չի զգացել, արյան ճնշման սարքը ցույց էր տալիս 180/120 ցուցիչը և չէր իջնում։ «Բուժքույրն ասաց՝ ընկեր Մկրտչյան, հետաձգե՛ք դասը, կաթված կստանաք։ Ասացի՝ ոչ մի բան էլ չի լինի ինձ, մի հատ սրսկի, կանցնի։ Չեմ կարող, այս օրվա առաքելությունս կարևոր է»։
Դասից հինգ րոպե առաջ բուժքույրը նորից է պնդել, որ արյան ճնշումը չափի․ ցուցիչը նույնն էր։
«Բանի տեղ չեմ դրել, դասս վարել եմ։ Իմ կռիվը օսմանի դեմ տվեցի։ Մենախոսությունն արտասանելիս, զգում էի, որ, ձեռքերս դողում են, մարմինս չի ենթարկվում ինձ, բայց ինձ տիրապետեցի, վերջին նախադասությունն էլ որ ասացի, ու զանգը հնչեց։ Դասալսողներ կային՝ մի տասը հոգի, գրականության ուսուցիչներից մեկը վեր թառավ բացականչեք՝ «Բրավո՛», բոլորը ծափահարեցին։ Անգերազանցելի դաս էր․ երեխաներիս անկոտրում, հաղթական ոգին եմ փոխանցել․ էդ ի՜նչ դասեր էինք վարում։ Շատ ափսոսում եմ, որ չենք ձայնագրել կամ նկարել»,-պատմում է Լիդան։
Դպրոցում էլ Լիդան փորձել է մարտական ոգին պահպանել։
Նույնն եմ ասել՝ ձեր ախ-վիշը կգնաք ձեր տանը կքաշեք․ դպրոցում անկումային տրամադրություն, խուճապ չտեսնեմ»,- պատվիրել է կոլեգաներին։
Պատմում է, որ իր ուսուցչանոց ներս մտնելիս զգաստացել են, խոսելը դադարել։
Շուշի վերադարձի հավատով՝ ժամանկավոր զբաղմունքի փնտրտելիս
Բայց ո՞վ կմտածեր, որ մի օր Մամբրե արքայի պես Լիդայի ընտանիքն էլ կբռներ գաղթի ճամփան։ Բայց Լիդան համոզված է՝ Շուշին թողել է ժամանակավորապես․ հեռանալիս չի պատկերացրել, որ այլևս երբեք հետ չի դառնալու։
«Տղայիս նոր գնված համակարգիչը սեղանին էր դրված, մտածեցի՝ դե ի՞նչ եմ բեռ սարքում, մի քանի օրից հետ ենք գալու․ մտքովս չի անցել, որ այլևս հետ չեմ գալու։ Հիմա էլ որ Ստեփանակերտ եմ գնում, աչքս Շուշու կողմը չեմ ուզում դարձնել․ ծանր է շատ, բայց հավատս չի պակասել, դառնալու ենք մեր տուն․ այստեղ մենք ժամանակավոր ենք»,-նշում է նա։
Լիդայի ընտանիքը Երևանում տան ապրուստը հոգալու խնդիր ուներ։ «Այստեղ ուսուցչի աշխատավարձով տուն չես պահի, վարձով ենք ապրում։ Մենք երեքս էլ՝ ես ամուսինս, մի տղաս, ուսուցիչներ ենք։ Ամուսինս ու տղաս մաթեմատիկա են դասավանդել։ Ամուսինս մաթեմատիկայի փայլուն մասնագետ է։ Տղաս նոր մասնագիտություն՝ ծրագրավորում սովորեց։ Այժմ աշխատանք է փնտրում։ Մենք էլ ոչինչ չունենք այստեղ, ամեն ինչ թողել էինք տանը՝ Շուշիում։ Տան վարձի հոգսն էլ պիտի հոգանք, համակարգիչ էլ չկար, որ տղաս համակարգչային գործը սովորեր, ամեն ինչ նորից ենք փորձում ստեղծել»,-ասում է Լիդան։
Ուսուցչից գործարա՞ր
Երբ Լիդան հասկանում է, որ Երևանում դասավանդմամբ հացի գումար վաստակելը դժվար կլինի, սկսում է փնտրել նոր աշխատանք։ Մի օր Հյուսիսային պողոտայով անցնելիս նկատում է մի փոքրիկ, սիրուն տաղավար, որտեղ մի քանի կանայք ժենգյալով հաց էին պատրաստում։ Տաղավարի դիմաց էլ երկար հերթ էր գոյացել։
«Անուշ բուրմունքն էլ տարածված է շուրջբոլորը։ Մոտեցա, փոքրիկ պատուհանից նայեցի, հացերի չափսը տեսա․ փոքրիկ հացեր էին։ Ամուսնուս ասացի՝ ես գտա իմ զբաղմունքը։ Տանը կթխեմ, կվաճառեմ։ Չե՞ք տեսնում՝ ինչքան են սիրում, ինչ մեծ պահանջարկ կա»,-հիշում է նա։
Լիդան նույնիսկ «հետախուզական» այցով գնացել է Վերնիսաժ, հարցուփորձ արել։
«Հարցրեցի մի կնոջ՝ եթե ժենգյալով հաց պատրաստեմ, բերեմ, անուշ, համով, առնող կլինի՞։ Թե բա՝ ինչո՞ւ չի լինի, դու բեր։ Գնացի շուկա, սկսեցի ուսումնասիրել՝ բա՞ կանաչիներ որտեղից առնեմ, որ մի քիչ էժան լինի։ Էդ էլ գտա»,-ասում է նա։
Մի օր նույնիսկ թխել է ու մի քանի հատ տարել է Վերնիսաժ, որպեսզի տեսնի՝ մարդիկ իր թխածը հավանում են, թե ոչ։
«Ամաչելով՝ ինքս ինձ ասում եմ՝ վայ, Աստված իմ, բա որ մեկն ինձ տեսնի, ճանաչի։ Կասի՝ Մկրտչյանն էս ի՞նչ օրն է ընկել, ընկած շուկայում ժենգյալով հաց է վաճառում։ Առաջինը մոտեցել եմ մի թմբլիկ, սիրուն անուշ կնոջ։ Քարեր էր վաճառում, ասացի՝ տիկի՛ն, Արցախի համով ժենգյալով հաց ունեմ։ Ասաց՝ բեր առնենք, բայց ինչի՞ ես այդպես ամաչելով ասում, գողությու՞ն ես անում։ Շատ ավելի ազնիվ աշխատանք ես անում քո տունը պահելու համար»,-պատմում է Լիդան։
Բոլորը շատ հավանում են Լիդայի ձեռքի թխած հացը։ Թեև Լիդան արդեն հաստատ գիտի, թե ինչով է զբաղվելու, ասում է, որ իր փոքրիկ երազանքին հասնելու համար առայժմ միջոցներ չկան․ պետք է ընկերություն գրանցի, արտադրություն հիմնի, սնունդ արտադրելու համար թույլտվություն ունենա, տեղի վարձակալության գումար։ Բայց վստահ է՝ իր համով ժենգյալով հացերով մի օր լինելու է իր փոքրիկ, բայց մշակույթով հարուստ Արցախ աշխարհի անխոնջ «դեսպանը»։
Ժենգյալով կամ Պենճարով հացը․ արցախցու ամուր բնավորության գաղտնի՞քը
«Ժենգյալով հացը մեր Արցախի բրենդն է», – ասում է Լիդան, – «մեր ճակատը պարզ անողը։ Այն մեր ապուպապերից եկող, մեր գերդաստանների, մեր նահապետական ընտանիքների հյուրսաիրություն իր մեջ ընդգրկող հացն է։ Արցախում ժենգյալով հաց չեն թխում, ընտանիքով ուտում, դա լուրջ արարողություն է, մի իսկական ծես․ ինչպե՞ս կարելի է ժենգյալով հաց թխել ու դուռը փակ, ընտանիքի անդամներով ուտել․ ո՜չ։ Մենք թխում էինք հիսունով, ութսունով, կոլեկտիվով, բարեկամներով, հավաքվում էինք, էդ օրը սեղանին դնում էինք գինի, թթու ու նուռ։ Դա է, ուրիշ բան պետք չէ։ Ինքն այնքան ազնիվ կերակուր է, որ դրա հետ երկրորդ բան անհամատեղելի է։ «Ժենգյալը» ադրբեջաներեն բառ է, որ կանաչեղեն է նշանակում։ Արցախի բարբառով՝ պենճարով հացն է, բայց ավելի գործածական է հենց ժենգյալով հաց տարբերակը։ Ի դեպ, թուրքերի շրջանում այն տարածված չի, չեն հասցրել յուրացնել։ Իր մեջ պարունակում է մի քանի պարտադիր կանաչի, մնացածն էլ կողքից կլինի՝ ավելի լավ, չի լինի՝ էլի լավ․ այդ մի քանիսն էլ իրեն բնորոշող, իր համն ու հոտը բերող կանաչիներն են․ արդեն համն ու հոտը կլինի։ Դրանցից է կընձմընձուկը (կծել արմատն է, երբ ծամում ես, միջինը կծու ծամոնի նման լեզուդ կծմծում է, ծակում)։ Հաջորդ պարտադիր բաղադրիչը ճռճռուկն է։ Սա այնքան հարուստ է վիտամիններով»։
Լիդան բոլոր կանաչիները մանրամասն ուսումնասիրել է, թե՛ բառարաններով և թե՛ դեղաբույսերի մասին պատմող գրքերով, և լավ գիտի, թե որն ինչ օգտակար հատկություններ ունի։ Հիմնվելով այդ տեղեկությունների վրա՝ Լիդան պնդում է, որ թերևս արցախցու անկոտրում բնավորության գաղտինքը հենց այս ուտեստի մեջ է։
«Ղևոնդ Ալիշանը՝ Մխիթարյան Միաբանության գիտնականներից մեկը, Հայոց աշխարհի բուսական աշխարհի, կենդանական աշխարհի մասին գրել է, նշել է, որ ճռճռուկի մեջ երկու անգամ ավելի շատ վիտամին C կա, քան կիտրոնի։ Հաջորդ բաղադրիչը թրթրնջուկն է, որը թթվաշ համ է տալիս կարկանդակին։ Մյուսը կանաչ սոխն է, հետո սիմսիմուկը, պըռավի պորտը, գառնականջը։ Այս բոլոր բույսերում շատ երկաթ ու օգտակար հանքանյութեր կան։ Հենց ժենգյալով հացն է հավանաբար արցախցու ամուր բնավորության պատճառը»,- ժպտալով ասում է Լիդան։
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»
«Մայրը եթե որդուն իր փեշի տակ պահեց»,- ասում է Լիդան,- «թող իմանա, որ թշնամին իր այդ փեշին է հասնելու։ Թող նման մայրերն իմանան, որ վտանգն ու պաշտպանվելու կարիքը երեխայիդ պահելով քեզանից չես հեռացնում։ Ավելի լավ չէ՞ արժանապատվորեն, երեխայիդ ոգի ու սիրտ տալով ճանապարհես հայրենիքը պաշտպանելու՝ նրան Աստծո պաշտպանությանը հանձնելով։ Առյուծ մայրեր ենք ունեցել, որ առյուծ զավակներ են դաստիարակել․ նայեք մեր գերդաստանների պատմությունները, վախ չունեին մեր մայրերն ու տատերը, իրենց ձագերին պաշտպանելու համար պատրաստ էին հերոսանալու, կռվելու թշնամու դեմ․ զավակին փեշի տակ պահող մայրը ազգային ամոթն է»։
Լիդան հիշում է, որ արցախյան առաջին պատերազմը սկսվելիս մայրը խմորը հունցել, պատրաստվել էր թխել։ Արկերը սկսել են զարկել, բայց տարեց կինը չի վարանել՝ հացը պետք էր թխել, հո՞ չէր թողնելու որ հացը փչանար, հո՞ յուրայիններին սոված չէր թողնելու։ Ինքը խմորը խփել է թոնրի պատերին, արկերը զարկել են, բայց կինը շարունակել է անվրդով աշխատել։
«Մի մեծ արկ եկել է, ընկել հենց մորս տան բակում։ Եթե մայրս այդ պահին տանը մնացած լիներ, շատ հնարավոր է, որ ինքն էլ վնասվեր․ ստացվում է, որ հացը մորս կյանքը փրկել է»,- ժպտում է նա։
Արցախի շրջափակման ու ապագայի մասին
«Ես միշտ լավատես եմ եղել․ ընդհանրապես էությամբ այդպիսին եմ։ Ամեն վատ բանի մեջ էլ էն լավի հատիկը գտել եմ։ Լավատեսության աղբյուր միշտ էլ կա՝ ցանկացած իրավիճակում»,- նշում է նա։
Լիդան գտնում է, որ նույնիսկ այս դժվարին պահին, երբ Արցախը մեկուկես ամիս շրջափակման մեջ է, հենց Արցախում մեծ լույս է ծագում․
«Մեզ հիմա փորձում են համոզել, որ թույլ ենք, ուժ չունենք, որ թշնամին հաղթել է, ուրեմն պետք է հանձնվենք։ Մեզ փորձում են պառակտել, որովհետև գիտեն, որ միասնության մեջ է մեր ուժը։ Բայց միասնության լույսն արդեն հաջողվել է բոցավառել Արցախում։ Եվ որքան էլ որ թշնամուն թվա, թե մեզ այդպես ճնշելու է, թող իմանա, որ մեզ ավելի է հզորացնում․ մենք համախմբվում ենք, և մեր հավատքը առ Աստված ավելի է ամրանում։ Եվ այս լույսը տարածվելու է նաև Հայաստանում՝ ինչպես դա եղավ 90-ականներին, երբ հաղթանակի ոչ մի շանս չունեցող հայը հաղթեց շնորհիվ իր ոգու ու միասնականության, շնորհիվ հավատքի»,- ասում է նա։
Լիդան համոզված է, որ հայի միջի քնած առյուծն արթանում է, և այն հաղթելու է խավարին․ «Հյուլեն՝ ատոմը, որքան փոքր է, բայց որքան մեծ ներուժ կա դրա մեջ՝ հզոր էներգիա, որ կարող է թե՛ լույսի ու ջերմության, թե՛ հզոր զենքի վերածվել․ մենք այդ հյուլեի պես ենք՝ փոքր, բայց հզոր»։
Մարիամ Չախոյան
Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի