Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդես»-ով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ:
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ըստ աղբյուրի՝ նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: «Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: