Ձեռքիս ժամացույց էր, որը պայթեց ու դաղոց զգացի ոտքերիս․ դատարանում հարցաքննվեց Ալեն Սիմոնյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստացայրում այսօր՝ հունվարի 16-ին, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ 2018 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, որի նպատակն այն էր, որ իրենք համաձայն չէին, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ երկրի ղեկավարը դառնա, ոստիկանության զորքերի կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ այնտեղ կանգնած է եղել նաև Լևոն Երանոսյանը։

Պատասխանելով դատավարական կողմերի հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ հավաքին մասնակցել է ոչ որպես կազմակերպիչ, այդ ժամանակ նա Երևանի ավագանու անդամ է եղել։

«Այդ պահին կանգնած էինք և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է գնալ իր գործի վայրը և դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես իր գործի տեղն անելու որևէ բան չունեի»,-ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ անցման համար խանգարում էին փշալարերն ու ոստիկանական պատնեշը։

«Այն պահին, երբ ես հայտնվել եմ Բաղրամյան պողոտայում՝ փշալարեր տեսել եմ։

Պարոն Փաշինյանն ասում էր, որ ուզում է գնալ իր աշխատանքի վայրը, փշալարերի անմիջապես հետևում կանգնած էին ոստիկանները, քաղաքացիները կոչ էին անում ոստիկաններին միանալ, հայտնի հումոր կա, որ՝ «Աշոտ, տատիդ էլ է այստեղ», այդ տրամադրությունն էր, փորձում էին ոստիկաններին էմոցիոնալ ազդեցության տակ գցել՝ հասկացնելով, որ սա իրենց նույնպես վերաբերում է»,-ներկայացրեց ԱԺ նախագահը՝ տվյալ պահին տիրող իրավիճակը նկարագրելով։

Ալեն Սիմոնյանը նշեց նաև, թե ինչ է կատարել այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը փորձել է փշալարերի վրայով անցնել։

«Ես խոսում էի ոստիկաններից մեկի հետ, ասում՝ թե ինչու չեն թողնում, որ գնա։ Եթե չեմ սխալվում՝ արդեն մեկ-երկու տրաքոց եղել եր, հրմշտոց սկսվել էր և դրա հետևանքով փշալարի վրա սաղավարտ կար, ես փորձեցի այդ սաղավարտը վերցնել փշալարի վրայից և ոստիկաններից մեկը փորձեց հարվածել ձեռքիս, ես հասցրեցի ձեռքս հետ քաշել, վրդովվեցի՝ թե ինչ ես անում, եթե ձեռքիս կպներ՝ լուրջ վնասվածք կլիներ, որից հետո տեղի ունեցավ պայթյունը»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելեց, որ պայթյունից հետո կարող է տեղի ունեցած շատ բաներ չհիշել։

Խոսելով Բաղրամյան պողոտայում հնչած պայթյունի մասին՝ նշեց, որ դրա հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը հարց ուղղեց Սիմոնյանին՝ նշելով, թե ինչից է ենթադրել, որ պայթյուն է եղել, ինչին նա պատասխանեց․ «Ձայնից և հարվածային այդ ալիքից, ձեռքիս ժամացույց էր, որը պայթեց ու դաղոց զգացի ոտքերիս, կորցրեցի զգացողությունս, թե որտեղ եմ գտնվում, հետո կամաց-կամաց․․․։ Ամենայն հավանականությամբ կա՛մ 2-րդ, կա՛մ 3-րդ պայթյունից եմ վնասված ստացել»։

Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել տուժող Ալեն Սիմոնյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ դատարանում քիչ առաջ տրված ցուցմունքներում ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հակասություններ են եղել։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորի խոսքով՝ հաշվի են առնվել ոչ միայն առկա հակասությունները, այլև այն, որ տուժողը՝ Սիմոնյանը նշել է, որ որոշ հանգամանքներ չի հիշում։ Ալեն Սիմոնյանի՝ նախաքննության ընթացքում` 2019 թվականի փետրվարի 18-ին, տրված ցուցմունքը հրապարակվեց։

«2018 թվականի ապրիլ ամսին մասնակցել եմ ՀՀ-ում անցկացվող բողոքի զանգվածային ակցիաներին, երթերին, հանրահավաքներին։ 2018 թվականի ապրիլի 16-ին մասնակցել եմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բազմահազար երթին։ Մոտավորապես կեսօրի սահմաններում երթը հասավ Սահմանադրական դատարանի մոտ։ Ոստիկանության ուժերը Բաղրամյանի պողոտայի երկայնքով արգելապատնեշ էին կառուցել և խոչընդոտում էին խաղաղ ցուցարարների առաջխաղացմանը դեպի Ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ինձ և մյուս ցուցարարներին հաջողվեց հաղթահարել արգելապատնեշն ու առաջ շարժվել, սակայն պարզվեց, որ մոտավորապես 30 մետր հետո, ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայի ողջ լայնքով՝ մայթից մայթ բացվել էր փշալարե արգելապատնեշ։ Ես և Ավինայնը Փաշինյանի հետնամասում էինք, երբ նա սկսեց անցնել փշալարի վրայով։ Ես և Ավինյանը, ինչպես նաև ցույցին մասնակից այլ քաղաքացիներ հետևեցինք վարչապետի օրինակին և սկսեցինք անցնել փշալարի վրայով։ Փշալարի հակառաոկ կողմում կանգնած զինծառայողները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել մեզ, անգամ որոշ զինծառայողներ փորձում էին ռետինե մահակներով հարվածներ հասցնել մեզ։ Կոնկրետ ինձ հաջողվել է զերծ մնալ հարվածներից։

Մոտավորապես 5-6 րոպե մենք շարունակաբար փորձում էինք անցնել, բայց չէր հաջողվում, հանկարծակի ինձնից քիչ ձախ պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով ես վնասվածքներ ստացա ձախ ոտքիս հատվածում։ Իմ համոզմամբ պայթյունը տեղի ունեցավ ինձնից մեկ մետր հեռավորության վրա, բայց ոչ ավելի։ Հարվածային ալիքից գրեթե կորցրի գիտակցությունս, միայն հիշում եմ, որ կիսացատկելով հետ նահանջեցի ու հասնելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մոտ՝ կորցրեցի գիտակցությունս։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ եմ մնացել այնտեղ այդ վիճակում։ Ինձ ցուցարարներից մի քանի հոգի գրկած հեռացրին այդ հատվածից և տարան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ արդեն շտապօգնության մեքենաներ կային։ Բուժօգնություն եմ ստացել սկզբից Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Այն պայթյունը, որը ես նկարագրեցի՝ 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած առաջին պայթյունն էր, մինչ այդ պայթյուններ չէին եղել, հետո եմ տեղեկացել, որ առաջին պայթյունից հետո տեղի են ունեցել էլի մի քանի պայթյուններ, սակայն դրանց ականատես չեմ եղել, դրանց հետևանքով վնասվածք չեմ ստացել»,-ասված է նախաքննության ընթացքում Ալեն Սիմոնյանի կողմից տված ցուցմունքում։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել