Որքա՞ն ժամկետով են տրամադրվում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե «Օտարերկրացիների մասին» օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Եթե «Օտարերկրացիների մասին» օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են մեկանգամյա մուտքի համար:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն օրենքով նախատեսված հրավերի հիման վրա:

Վերը նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Օրենքով որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք կարող են ազատվել մուտքի վիզայի համար սահմանված պետական տուրքից կամ կարող են նվազեցվել կամ ավելացվել պետական տուրքերի դրույքաչափերը:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել