Մարտունու ԲԿ-ի պարզաբանումը՝ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան հանգամանքների կապակցությամբ

Մարտունու բժշկական կենտրոնի պարզաբանումը՝ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան հանգամանքների կապակցությամբ։

«Սույն թվականի հունվարի 5-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել «սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված Վարդենիս համայնքի 17-ամյա բնակչուհու մահվան հանգամանքների կապակցությամբ, որը լայն արձագանք է ստացել, ուստի հարկ ենք համարում թույլատրելիի սահմաններում հասարակությանը պարզաբանել իրականում տեղի ունեցածը։

Սույն թվականի հունվարի 2-ին, ժամը 03։30-ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր​ շոկային վիճակում: Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք​ րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի​ արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:

Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով: Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին անգամ հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն դժբախտաբար հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:

Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը երբևէ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը չի նախաձեռնվել սպանության հանցակազմի հատկանիշներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել