Ովքե՞ր կկարողանան օգտվել պետության կողմից ֆինանսավորվող վերարտադրողական բուժօգնության ծրագրից, ո՞ր ծառայությունները կլինեն անվճար

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը մամուլի ասուլիսի շրջանակներում մի շարք մանրամասներ ներկայացրեց։

Նրա խոսքով՝ ծրագրում ներառվել են մինչև 36 տարեկան, 2 տարի և ավելի առաջնային անպտղություն ունեցող, անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից կամ բնակավայրից։

«Եթե հիշում եք՝ նախկինում այս խմբում էին միայն սահմանամերձ բնակավայրերում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներիցն և հաշմանդամություն ունեցող կանանց։

Նախ ասեմ, որ առաջին խմբի համար կսահմանվի ամբողձական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշումը և բուժումը, մինչև արհեստական սերմնավորումն ու բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը 100 տոկոս ֆինանսավորմամբ, 2-րդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ»,-ասաց նա։

Երկրորդ խումբը, որը մինչ այդ չի եղել՝ 36-42 տարեկան կանայք են, որոնց համար փոքր փաթեթ է սահմանվել։ Այս փաթեթում սահմանվել են միայն սերմնավորման փորձերը։

Առաջին անգամ, որպես ծրագրի շահառու, ներառվել են նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը։

«Սա 20-36 տարեկան, սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչներն են, որոնք ունեն մեկ երեխա և ծրագրով իրենց հնարավորություն է տրվում ունենալ նաև 2-րդ բալիկը։ Այս պարագայում արդեն պարտադիր է ամուսնական կարգավիճակը, այսինքն պետք է ամուսնությունը գրանցված լինի ՔԿԱԳ մարմիններում, լինեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ և առնվազն մեկ տարվա ընթացքում գրանցում ունենան սահմանամերձ բնակավայրում։

Իրենց տրամադրվող փաթեթը հետևյալն է․ անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը»,-նշեց նա։

Առողջապահության նախարարություն դիմելու կարիք չկա։ Շահառուն պետք է ընտրի կլինիկա, որտեղ ցանկանում է ստանալ բուժօգնություն, և արդեն մնացած գործընթացը կկատարվի կլինիկայի և նախարարության միջև։

«Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները և եթե կարիք ունի արտամարմնային բեղմնավորման, ապա կլինիկան բոլոր փաստաթղերը պատրաստում է, ուղարկում նախարարություն, նախարարությունում հրաման է տրվում և գործընթացը շարունակվում է»,-մանրամասնեց Նունե Փաշայանը։

Մասնագետի խոսքով՝ այսօր 5 կլինիկաներում է տեղադրված պետպատվերը՝ «Շենգավիթ» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոն, Հանրապետական ծննդատուն։ Առաջիկայում չի բացառվում նոր կլինիկաների ավելացում։

Փաշայանը նաև հավելեց, որ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարեկանը, ապա շահառուի կարգավիճակը շարունակում է պահպանել մինչև 38 տարեկանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել