Մասնագետների խորհուրդը՝ H1N1 վիրուսի կանխարգելման համար․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ H1N1 վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

-Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:

-Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։

-Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը:

-Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։

Հավելենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել