Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է․
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։