Գյումրիում այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժը ակցիա է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։
Ակցիայի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շարժվեցին դեպի ռազմաբազայի երկրորդ մուտք։
Ելույթներից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, որտեղ ավարտվեց բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ մինչ ակցիայի սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:
Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոնենա ռազմաբազայի մուտքերին, ինչի հետևանքով քաշքշոց սկսվեց, կան բերման ենթարկածներ: Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսեցին երթով շարժվել դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված` 102-րդ ռազմաբազայի մյուս մուտքի կողմից փորձելու մոտենալ ռազմաբազային:
Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ արդեն 28 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար մտադիր են արգելափակել 102-րդ բազայի մուտքերը։ Այդ նպատակով ակցիայի մասնակիցները առավոտյան Երևանից մեկնել են Գյումրի: