Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսեց մի շարք խնդիրների մասին, որոնք չափազանց անհանգստացնող են:
Նա նախ հայտնեց, որ Արցախի օպերատիվ շտաբի անդամները և պատգամավորները պարբերաբար այցելում են շրջաններ, մարդկանց կարիքների գնահատում անում, արձանագրում խնդիրները:
Վարդանյանը նշեց, որ կան անթույլատրելի բաներ, որոնց մասին կխոսի առանց անունների: Օրինակ՝ արցախցի մի հայտնի ընտանիք կարողացել է մեկնել հանգստի՝ օգտագործելով ինչ-որ կապեր, ինչը շատ մեծ արձագանք է ստացել, կամ՝ անհատներից մեկը կարողացել է 2 տոննա բենզինի փոխանակում իրականացնել որոշակի ապրանքների հետ, որով լուծել է իր ընտանիքի կարիքները: Ըստ պետնախարարի՝ ավելի լավ ու ճիշտ կլիներ այդ 2 տոննա բենզինը փոխանցել շտաբին ու փորձել օգնել ավելի շատ մարդկանց:
Պետնախարարի խոսքով՝ բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ մարդկանց խիստ մտահոգում է սննդի խնդիրը։
«Մենք աշխատում ենք կանոնների վրա, և վաղը՝ աշխատանքային օրը, սրա վերաբերյալ մի քանի հայտարարություն կհրապարակվեն։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։