ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է 1998 թվականի նրա ելույթներից մեկը, որը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հարցին»։
«25 տարի առաջ գումարված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը նվիրված էր «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիների» քննարկմանը։ Նիստին մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Նիստում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը․
– Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաեւ հաղթահարելով շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավելով միջազգային աճող ճնշումները։ Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի։
– Հակամարտության կարգավորման գործընթացի խափանման կամ նույնիսկ ձգձգման դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու դուրս գալ առկա մեկուսացումից, այլեւ ավելի ու ավելի խորացնելու ենք այն։ Խոսքը սոսկ տնտեսական մեկուսացման մասին չէ, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական մեկուսացումն ունենալու է նաեւ անցանկալի քաղաքական հետեւանքներ։
– Ինձ համար բաց է մնում նաեւ այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման եւ Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Ռուսաստանն, այո, մինչեւ այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։ Անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են չափազանց բարենպաստ մթնոլորտում եւ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտվել այդ հարաբերություններից, որը թերեւս անկախության շրջանի մեր կարեւորագույն նվաճումներից է։ Բայց, դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել։
– Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը։
– Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։
– Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։
– Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։