ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 26-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Դատավոր Փիլոսյանը 4 քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ, խորհրդի գնահատմամբ՝ համարվել է էական խախտում։

ԲԴԽ 9 անդամներից հարցի քննությանը մասնակցել է միայն 8-ը։ Որոշումն ընդունվել է միաձայն։ Սակայն խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանը դեմ են եղել նման պատասխանատվության միջոցի կիրառմանը։

Փիրոսյանը իր եզրափակիչ ելույթի ժամանակ նշել էր, որ այն, ինչ տեղի է ունեցել և այն, ինչի համար նա ԲԴԽ-ում է, առաջնահերթության կարգով անընդունելի է հենց իր համար։

«Ես իրավիճակին նայում եմ պատասխանատվությունը կրողի և ստանձնողի աչքերով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից երեք անգամ ավել։ Գերծանրաբեռնվածության այս պայմաններում 2020 թվականին իմ կողմից դատական քննության առարկա դարձված 1500 քաղաքացիական գործից ավարտվել են 1019-ը։ 2021 թվականին 2663 քաղաքացիական գործից ավարտվել են 1638-ը։ 2022 թվականին իմ նախագահությամբ կայացել է 1002 դատական նիստ։ Հիշյալ թվերը վկայում են դատավորի գործունեության քանակական ցուցանիշների մասին, որակական ցուցանիշը ցավոք չափելի չէ»,-նշեց դատավորը։

Աննա Փիլոսյանը, անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից իր լիազորությունները դադարեցնելու որոշմանը, գրել էր․ «Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները:

Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ 2008 թվականին դատական իշխանություն ընդունած դատավոր Արթուր Սմբատյանին՝ խղճի մաքրություն ու արդարամտություն սովորեցնելու ու փոխանցելու համար:

Շնորհակալ եմ փաստաբանական համայնքին՝ տևական ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ աշխատակազմիս՝ անմնացորդ նվիրումով ծանր բեռս թեթևացնելու համար:

Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, ինձ ընտանիքիս ու երեխաներիս վերադարձնելու համար:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին՝ իրենց քվեարկության համար:

Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել