Սպառնալիքի դեպքում արագության պահպանման մասով առաջարկվում է բացառություն անել․ ԱԱԾ-ի նոր նախագիծը

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների հասկացությունը համապատասխանեցնել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթներին։

Նշվում է, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ բնակավայրերում և բնակավայրերի դուրս երթևեկության սահմանված արագության պահպանման մասով առաջարկվում է նախատեսել բացառություն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերում։

«Միաժամանակ, Հավելվածի 30-րդ կետով առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության, այդ թվում՝ սահմանված արագության պահպանման համար անձնական պատասխանատվությունը վերապահել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների վարորդներն։

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա»,-նշվում է հիմնավորման մեջ:

ԱԱԾ-ի պնդմամբ՝ նախագծի ընդունմամբ կապահովվի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել