ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:
Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողության ծառայությունից։
Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:
Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝ պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով 1»՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.
Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է թվով 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:
Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։