Շտապօգնության մեքենաներին պետք է զիջել․ պարեկային ծառայությունը հետևողական է

Հայաստանում ամեն օր շտապօգնության ծառայություն միջինը ստացվում է 700 ահազանգ։ Իսկ ամեն մի ահազանգ մի կյանք է։ Ոստիկանությունից հայտնում են, որ շտապօգնության բուժանձնակազմի գերխնդիրն է արագ հասնել պացիենտին, առաջին բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել բժշկական հաստատություն։

«Ցավով ենք նշում, բայց մեր երկրում՝ հատկապես մայրաքաղաքում, ոչ բոլոր վարորդներն են զիջում շտապօգնության մեքենաներին։

Անգամ օրվա ամենաթեժ ժամին, երբ կան մեքենաների հապաղումներ, հնարավոր է և պե՛տք է զիջել շտապօգնության մեքենաներին։

Սա վերաբերում է ոչ միայն շտապօգնության ծառայությանը։

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:

Սրանք ճանապարհային երթևեկության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանել։

Պարեկային ծառայությունը հետևողական է և շարունակելու է հայտնաբերել այն վարորդներին, որոնք չեն զիջում կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած մեքենաներին։

Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամով:

Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել