Պետնախարարի մոտ քննարկվել է Արցախում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ  այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից:

Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում  ձեռնարկվելիք քայլերը: Կարևորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող  հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը:  Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է  լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ճանապարհի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերին,  նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել