Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների համար թեժ գիծ է գործարկվել

Հայաստան – Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել