ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ։
«Անդրադառնալով նախընթաց օրերին Արցախի Հանրապետության դեմ հաճախակի դարձած Ադրբեջանի սադրանքներին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինն արձանագրում է․
1. Ի սկզբանե, միտումնավոր խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը:
2. Միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության պատշաճ պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է իր պատմական տարածքում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այն հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով:
3. Գործող զինադադարի պայմաններում, սահմանագծում պարբերական սադրանքներից հետո, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ օգտվելով միջազգային իրավիճակից, Հայոց պետականությունը թուլացնող Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունից, անտեսելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.)՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ինչպես նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ:
4. Հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքների և ՀՀ իշխանությունների հանձնվողական վարքագծի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող բազմաթիվ տարածքներ և դիրքեր։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և ներխուժման հետևանքով օկուպացված են Հայաստանի Հանրապետության տարածքները։ Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցներ շարունակում են դիմագրավել հումանիտար ճգնաժամը, անորոշ է իրենց բնակավայրեր վերադառնալու հեռանկարը:
5. Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում, Ադրբեջանը և նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ՝ կիրառելով արգելված զինատեսակներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակչությանը, խախտելով ռազմագերիների պահպման վերաբերյալ միջազգային նորմերը, խոչընդոտելով զոհված անձանց մարմինների դուրսբերման միջազգային պարտավորությունները:
6. Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի դրսևորումներից մեկն էլ 2021 թ. հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված Շուշիի խիստ անընդունելի հռչակագիրն է:
7. Մարդկության դեմ ուղղված և միջազգային իրավունքով դատապարտելի այս գործողությունները դեռևս չեն արժանացել համընդհանուր միջազգային գնահատականի, որն իր հերթին առավել սանձարձակ է դարձրել ադրբեջանական իշխանություններին՝ շարունակելու էթնիկ զտման, մշակութային արժեքների ոչնչացման, Արցախի հայաթափման ցեղասպանական քաղաքականությունը:
8. Մտացածին պատճառաբանություններով, «բնապահպանների» անվան տակ հանդես եկող ադրբեջանական սադրիչների կողմից Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը պարբերաբար փակելը, ռուս խաղաղապահներին սադրելը, դեպի Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու փորձերը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված միավորումների շարունակական թիրախավորումը Ադրբեջանական ռազմատենչ սադրանքների ցայտուն դրսևորումներ են։
9. Ադրբեջանը ոտնահարում է Քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ՄԱԿ-ի և այլ միջազգային դաշնագրերում ամրագրված իրավունքները, մինչդեռ Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն և կամովին ստանձնել է բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված պարտավորություններ, որոնց համաձայն ինքնորոշման իրավունքի ուժով տվյալ ժողովրդի իրավունքն է լիակատար օգտվելու իր բնական հարստություններից և ռեսուրսներից:
Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, անվերապահ աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդին, վստահեցնելով, որ իր ողջ կարողականությունը պատրաստ է ի սպաս դնել արցախահայության իրավունքների պաշտպանությանը.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը
1. Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական քաղաքականությանը, դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը, միջոցներ ձեռնարկել սանձելու Բաքվի ռեժիմի ծավալապաշտական նկրտումները, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած անձանց, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազամաքաղաքական ղեկավարության նկատմամբ, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործուն քայլեր իրականացնել բոլոր հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց հայրենադարձման հարցում, ինչպես նաև անհետաձգելի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի վերականգնման ուղղությամբ:
2. Զորակցելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ կոչ է հղում վերջինիս իր առաքելությանը համապատասխան, բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, բնականոն գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև անխափան կապը և կանխել Ադրբեջանի ցեղասպանական նպատակադրումները։
Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։
Աներկբա է՝ Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,-նշվում է հայտարարության մեջ։