Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը․ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

16։40-ի տվյալներով ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել