Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հարց ուղղեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
«Մենք ականատես եղանք, որ ադրբեջանական կողմը փորձում է հերքել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմով»,-նշեց պատգամավորը:
Ի պատասխան՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ կան բազմաթիվ փաստական տվյալներ և դա հերքել հնարավոր չէ:
«Բանակցությունները, որոնք ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել և կա արձանագրություն և դրա մասին ադրբեջանական կողմը տեղյակ է և ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բաները: Բնականաբար մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ»,-ասաց Գևորգյանը:
Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հայկական կողմը շարունակում է խաղաղության պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ հարցերը տարանջատված քննարկել, թե նախատեսվում է մեկ ընդհանուր փաստաթուղթ:
«Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև, երբ որ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն, բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ: Ընդհանրապես՝ Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում այս հարցով առաջ ընթանալ: Ղարաբաղյան հարցն Ադրբեջանի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, որ այդ խնդիրը չկա: Որոշակի չափով ադրբեջանական կողմի հենց այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը: