Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Սարգիս Խանդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մանրամասներից:
«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ Մեղրի-Հորադիս երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: