Կարո՞ղ է անձն ազատվել քրեական պատասխանատվությունից տուժողի հետ հաշտվելու դեպքում

Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:

Քրեական հետապնդումն իրականացնելուց հրաժարվելու դեպքում քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի երկրորդ մասում նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթը կարճվում է և փաստվում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում, երբ տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ: Կարևորն այն է, որ հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

Քրեական պատասխանատվությունից ազատելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

    • կատարված հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության: Այդպիսի հանցագործություններ են համարվում, օրինակ, սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալջքը, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիդտ հուզմունքի վիճակում, ազատությունից ապօրինի զրկելը և այլն.
    • հանցանք կատարած անձը պետք է հաշտվի տուժողի հետ, երբ հաշտության տակ պետք է հասկանալ համապատասխան դատավարական փաստաթղթով ձևակերպված տուժողի հրաժարումը հանցավորի նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելուց.
    • հանցավորը պետք է հատուցի կամ այլ կերպ հարթի տուժողին պատճառած վնասը, որը ևս պակաս կարևոր չէ: Վերջինս հանդես է գալիս որպես հաշտության կարևոր նախապայման, որը, որպես կանոն, իրականացվում է մինչև հաշտվելը: Տուժողին պատճառած վնասի հատուցումը և հարթումը հասկացվում է նույն կերպ, ինչ որ գործուն զղջալու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքում:

Ինչ վերաբերում է վնասը հետագայում հատուցելու կամ այլ կերպ հարթելու մասին տուժողի և հանցավորի միջև կայացած բանավոր համաձայնությանը, ապա դա նրանց անձնական գործն է և քրեական պատասխանատվությունից ազատելու պայման կհանդիսանա միայն այն դեպքում, եթե տուժողը դիմի այդ մասին համապատասխան մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել