Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով։ Երեխայի որդեգրման վերացման մասին գործը քննվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
Որդեգրումը դադարում է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։
Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել որդեգրման պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։
Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:
Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաև այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։