Իմ կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ստուգել իրանական կողմի արձագանքը ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում․ ադրբեջանագետ

Վստահ եմ, որ շատերն արդեն տեղյակ են Իրանի հետ սահմանների երկայնքով անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին, գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Զորավարժությունները կրում են «Եղբայրական բռունցք» անվանումը: Դրանց մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինժեներական զորքերը, Ադրբեջանի և Թուրքիայի հրթիռահրետանային զորքերը Զորավարժությունների ընթացքում, ի թիվս այլ բաների, մշակվում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների ուղղորդումը, դեսանտի իջեցումը պայմանական հակառակորդի տարածքի խորքերը, ցուցադրված կադրերում նրանք հատում են Արաքս գետը: Զորավարժություններին մասնակցելու նպատակով Բաքու են թռել թուրքական F-16-երը: Նշեմ, որ նախկինում դրանք Ադրբեջան են թռել 2020 թ. հուլիսին՝ համատեղ զորավարժությունների համար, այնուհետև մնացել սեպտեմբերի պատերազմի ժամանակ, հետո արդեն հայտնվել են 2022 թ. սեպտեմբերի համատեղ զորավարժությունների ժամանակ՝ ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից օրեր առաջ:

Ներկայիս զորավարժություններն ուղեկցվում են հակաիրանական քարոզչական արշավով: Ադրբեջանական մամուլում բազմաթիվ նման հոդվածներ կան, որ սա պատասխան է ամիսներ առաջ Իրանի անցկացրած զորավարծություններին: Օրինակ, քարոզչական կայքերից մեկի հեղինակն իր հոդվածում նշում է. «Այաթոլլաների կարծիքով, ինչը պետք է վախեցնի Թուրքիայի և Ադրբեջանի բանակներին, որոնք ուշադիր հետևում էին ադրբեջանական սահմանների երկայնքով ընթացող ԻՀՊԿ ստորաբաժանումների զորավարժություններին։ Անցյալ դարի 70-ականների զրահատեխնիկան՞, խորհրդային ՄիԳ, որոնք դեռ 20-րդ դարում համարվում էին հնացած, 70-ականների սկզբին շահի կողմից ԱՄՆ-ից գնված մարտական ուղղաթիռները, թե՞ ցամաքային զորքերը, որոնք մինչ օրս օգտագործում են իրանա-իրաքյան պատերազմի մարտավարությունը: Այսօր իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները հնարավորություն ունեն հեռադիտակները ուղղել Արաքս գետի հակառակ ափին, հետևել 21-րդ դարի զենքով զինված Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համատեղ զորավարժություններին և ստանալ սպառիչ պատկերացում այն մասին, թե ինչ է ժամանակակից բանակը և ինչի է այն ընդունակ…»:

Բայց ի՞նչն է ուշագրավ, որ ադրբեջանական կողմը շարունակ «վեր-վեր է թռնում» բացառապես թուրքական աջակցության շնորհիվ: Շարունակ շրջանառվում են թուրք գեներալների անուններ, ինչպիսիք է օրինակ՝ Բախտիյար Էրսայը, ով ղեկավարել է ադրբեջանական բանակը Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ և հետո մնացել Ադրբեջանում: Այսօր փաստացի նա է բանակի ղեկավարը՝ մի քանի թուրք գեներալների հետ միասին:

Որքան էլ արտաքուստ սա ուղղված է Իրանի դեմ, ամեն դեպքում իմ կարծիքով Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ստուգել իրանական կողմի արձագանքը ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում: Կրկին ակտիվացրել են «միջանցքային» թեման և նորից սպառնում են ուժով: Բայց մեր քաղաքական ղեկավարությունն ունի հարցերի լուծման իր բացառիկ տարբերակը՝ ոչինչ չնկատել, ջայլամի պես գլուխը հողի տակ մտցնել ու տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ լավ է, մինչդեռ հետո փաստի առաջ է կանգնում մի ամբողջ պետություն ու ժողովուրդ: Իսկ ինչու՞ են նրանք այդպես անում, որովհետև արդեն երկու տարի և ավել է, ինչ «մարսում են» իրենց հանցավոր անգործության հետևանքով առաջացած աղետները, որևէ պատասխանատվություն չեն կրում դրանց համար, որևէ դաս չեն քաղում, ոչինչ չեն շտկում ու նորից ընտրվում են, դե իսկ դրա պատճառն էլ նորմալ այլընտրանքի բացակայությունն է…»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել