Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից․ ադրբեջանագետ

Մի քանի դիտարկում Լավրով-Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Թե՛ Լավրովը, թե՛ Բայրամովը իրենց խոսքում օգտագործում են «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը: Ադրբեջանի պարագայում ակնհայտ է, թե ինչ նպատակով է դա արվում, ՌԴ պարագայում՝ ոչ: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Լավրովը նման կերպ է արտահայտվում իրադրության մասին, բայց ամեն դեպքում պարզ հարց է առաջանում՝ եթե համարում եք «հետկոնֆլիկտային», ապա ինչպե՞ս ես հիմնավորելու ռուս խաղաղապահների մնալն Արցախում:

Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից՝ ասելով, թե իբրև «Լաչինի միջանցքը այլ նպատակների համար է օգտագործվում»: Դրան ի պատասխան ռուսական կողմից ոչինչ չի հնչում:

Բայրամովը նաև բողոքեց, թե իբրև ՀՀ-ն չի կատարում եռակողմ հայտարարությունները, մասնավորապես՝ ապաշրջափակման մասին կետը, բայց նա չօգտագործեց «միջանցք» տերմինը: Թեև դա անում է Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև թուրքական կողմը:

Բայրամովը խոսեց, թե իբրև պատրաստ են ապահովել «նախկին կոնֆլիկտային տարածքում ապրող հայերի իրավունքները՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության»: Այս պնդումը նաև մեր հիմարության հետևանք է, երբ ինքնորոշման իրավունքը փոխարինվեց «իրավունքներ և անվտանգություն» տերմինով, որը որևէ բովանդակություն չստացավ, ընդամենը դարձավ գործիք Ադրբեջանի ձեռքին:

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ու դրա տարբերակների հետ կապված հարցին ի պատասխան՝ Լավրովը կրկնեց այն միտքը, որ իրենք առաջարկներ արել են դեռ այս տարվա սկզբին, ինչի երկու կողմն էլ դրական են արձագանքել: Բայց հետո հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հինգ կետերին, այնուհետև Պրահայում որպես հիմք ընդունել են ՄԱԿ–ի կանոնադրությունն ու Ալմա–Աթայի հռչակագիրը: Լավրովն ակնարկում էր, որ հայկական իշխանություններն են համաձայնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Նույն հարցին ի պատասխան՝ Բայրամովը նշեց, որ փաստացի ամենը կառուցվում է ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա: Այժմ արդեն առաջարկների երրորդ փաթեթն են փոխանցում և նախատեսվում է նոր հանդիպում մինչև տարեվերջ: Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն խիստ հետևողական է իր դիրքորոշման մեջ:

Հարց հնչեց այն մասին, թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը, երբ ասում է, որ երրորդ երկրները փորձում են միջամտել հայ-ադրբեջանական հարաբերություններին և վնաս հասցնում: Ի պատասխան՝ Բայրամովը առանց որևէ պետության անուն տալու փորձեց իր դիվանագիտական պատասխանով սլաքներն ուղղել Ֆրանսիայի և Արևմուտքի ուղղությամբ: Նա նշեց, թե իբրև անթույլատրելի է, որ տարածաշրջանը վերածվի հակամարտության գոտու տարբեր ուժերի միջև: Դա ասում է մի պետության ԱԳՆ ղեկավար, որը Հարավային Կովկաս է բերել Իսրայելին և այսօր զորավարժություններ է անում Իրանի սահմանների երկայնքով…

Հետաքրքրական էր Բայրամովի այն միտքը, որ իրենք առաջարկում են հիմնարար սկզբունքների հիման վրա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, մինչդեռ ՀՀ առաջարկները շրջանակային համաձայնագիր են ենթադրում՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: Բայրամովը նշում էր, որ այդ մոտեցումը խոչընդոտում է առաջ գնալուն, նա նաև խուսափեց որևէ թղթի ստորագրման հետ կապված ժամկետներ նշել:

Լավրովը ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշեց, որ ռուս խաղաղապահները զբաղվում են այդ հարցով:

Ամփոփելով նշեմ, որ տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին: Միգուցե չի կարողանում Ուկրաինայի հետ կապված իրադրության պատճառով կամ չի ցանկանում, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեն ՌԴ–ի համար: Հայկական կողմն էլ քանի որ Արցախի հարցը փորձում է թողնել ռուսական տիրույթում՝ ազատվելով պատասխանատվությունից, այդ հարցը դառնում է ՌԴ–Ադրբեջան առուծախի առարկա: Այսինքն՝ մենք մեզ համար կարևոր որոշումներում ոչ միայն ասելիք չունենք, այլև դառնալու ենք ուրիշների որոշումների կրողը՝ դրա բոլոր հետևանքներով…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել