Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից:

«Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու այրված դիերից, այլ դիեր չեն հայտնաբերվել:

ԱԻՆ խոսնակն ասաց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:

Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 1-ին ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել;

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել