Ոլորտներ կան, որոնց մասին քիչ ենք խոսում․ Ժաննա Անդրեասյան

Ոլորտներ կան, որոնց մասին քիչ ենք խոսում։ Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախադպրոցական կրթության ոլորտում, օրինակ, էական ազդեցություն ունեցող մի քանի բովանդակային գործընթացներ ենք այս տարի սկսել.

Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունը՝ միայն թեստավորման միջոցով, համակարգչով։ 400-ից ավել մարդ էր դիմել։ Գործընթացը կազմակերպեցինք օրական երկու անգամ, առանց լուրջ տեխնիկական խնդիրների։ Ոլորտում կառավարման կարողությունների զարգացման և տնօրեն դառնալու գործընթացի կանոնակարգման պայմաններ են ստեղծվում։

Առաջին անգամ մեկնարկել ենք նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման գործընթացը՝ երաշխավորված կազմակերպությունների կողմից։ Այս տարի շուրջ 1500 հոգի կվերապատրաստվի, սա շարունակական գործընթաց է, ինչը կնպաստի ոլորտում աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և դրական ազդեցություն կունենա որակի վրա։

Օրենքի փոփոխություն ենք իրականացրել և ներկայումս մշակում ենք տարակարգի կարգը, որով մանկապարտեզների մանկավարժական աշխատողները նաև վարձատրության բարձրացում կունենան՝ հավելավճարի տեսքով, որի ֆինանսավորումը նախատեսվում է պետության աջակցությամբ։ Պլանավորել ենք նաև աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։

60 հաստատություններում նախադպրոցական կրթության նոր չափորոշիչն ու ծրագրերն ենք փորձարկում։ Այս հաստատությունների աշխատակիցների հետ առանձին վերապատրաստումներ են արվել, առանձին շարունակական աշխատանք է իրականացվում՝ կարողունակությունների վրա հիմնված նոր մոտեցումները առաջ տանելու համար։

Սեպտեմբերից սկսել ենք ոլորտում անցումը համընդհանուր ներառման երեք մարզերում և Երևանում։ Արվել է մեծ ծավալի աշխատանք երեխաների կրթության կարիքների գնահատման գործիքների մշակման, ՏՄԱԿ-ների և հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ, պետությունը սկսել է ֆինանսավորում հատկացնել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բալիկներին։ Պետք է խրախուսենք, որ նրանք անպայման գնան մանկապարտեզ, այս պահին դեռևս քչերն են ընդգրկվում նախադպրոցական ծառայության մեջ։ Մյուս տարվանից պետությունը կֆինանսավորի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը։

Սրան գումարվում են մանկապարտեզների և նախակրթարանների վերանորոգման, կառուցման, հիմնանորոգման աշխատանքները՝ տարբեր բնակավայրերում, այդ թվում այնտեղ, որտեղ նախկինում մանկապարտեզ ընդհանրապես չի եղել։

Նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվելը էական ազդեցություն ունի երեխաների զարգացման ու հետագա կրթության արդյունքի վրա։ Պետք է անենք ամեն ինչ, որ այդ կրթությունը հասանելի դառնա բոլոր երեխաներին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել