Կարող են պատահել դեպքեր, երբ պարտապանը ցանկանում է կատարել իր դրամական պարտավորությունը, սակայն պարտատերը խուսափում է այն ստանալուց կամ այլ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ պարտավորությունը կատարել անձամբ պարտատիրոջը: Նման պարագայում պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`
1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.
2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.
3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.
4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:
Դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:
Նոտարը կամ դատարանը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամի կամ արժեթղթերի մասին:
Իրավաբան.net