Դատախազների աշխատավարձին հարյուր տոկոսի չափով հավելում տրամադրելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Գլխավոր դատախազության կողմից մշակված ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով հավելում տրամադրելու հնարավորություն:

Նշվում է, որ դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։ Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի և պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացմանը: Ընդ որում, ակնառու քանակական աճ է արձանագրվել դատախազական գործառույթների անխտիր բոլոր ուղղություններով, որպիսի պայմաններում դատախազների օրական աշխատաժամանակը շատ հաճախ հասնում է 12-13 ժամի: Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա ճնշումները ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային՝ հաշվի առնելով, որ նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300․000 ՀՀ դրամը։

Ինչպես բխում է հարցի վերաբերյալ համարժեք այլ՝ օրինակ, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության վերաբերյալ իրավակարգավորումներից և դրանց հիմնավորումներից, պաշտոնի ռիսկայնության գնահատման չափանիշների մեջ որոշիչ դեր ունի արտաքին ճնշումների զգալի հավանականությունը։

Դատախազության գործառույթները և դերը պետական իշխանության մարմինների համակարգում շատ հաճախ հանրության և դատավարության մասնակիցների կողմից ճիշտ չեն ընկալվում. մեղադրյալները և նրանց հարազատները դատախազի՝ պետության անունից մեղադրանք պաշտպանելու գործառույթը ընդունում են անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի դատախազների նկատմամբ: Այդ ամենը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:

Բացի այդ, դատախազի նկատմամբ արտաքին ճնշումների բարձր հավանականությունը, ընդ որում՝ շատ ավելի բարձր, քան քրեական և հատկապես՝ մինչդատական քրեական վարույթի այլ հանրային մասնակիցների դեպքում է, պայմանավորված է նրանով, որ դատախազը հսկողություն իրականացնելով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ և հանդիսանալով ողջ վարույթի ընթացքում քրեական հետապնդման պատասխանատուն, օժտված է անձի համար բարենպաստ և անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորություններով, այդ թվում՝ նախաքննական մարմնի կողմից կայացված այդպիսի որոշումները վերացնելու, քրեական հետապնդում սկսելու, դադարեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելն անօրինական ճանաչելու և այն վերսկսելու բացառիկ լիազորությամբ։ Ավելին, արդեն իսկ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ քրեական հետապնդում հարուցելը իրապես բացառապես դատախազի բացառիկ լիազորությունն է։ Եվ բնական է, որ արտաքին ճնշումների և ազդեցությունների ավելի բարձր հավանականությունը հենց անձի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող գործառույթն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ պետք է լինի։

Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ թեև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված ռիսկերն առանձին դեպքերում, օրինակ, երբ վարույթին ներգրավված են ազդեցության լայն հնարավորություններ ունեցող անձինք, ավելի բարձր է, սակայն արտաքին ազդեցությունների հավանականության, այսինքն՝ ռիսկայնության աստիճանով բնութագրվում է ցանկացած դատախազի աշխատանք։ Ամենևին ճիշտ չէ կարծել, թե ազդեցությունների փորձերով, հետևաբար՝ ռիսկայնության աստիճանով էականորեն է տարբերվում այն դատախազների աշխատանքը, ովքեր դատավարական ղեկավարում են իրականացնում սպանության, առևանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ դեպքերով։ Ավելին, վիճակագրությունը չի կարող հերքել, որ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերն ավելի շատ արձանագրվել են վերը թվարկված և ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթի ընթացքում։ Կամ, ՀՀ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթն իրականացնող դատախազների աշխատանքն, առավելապես կապված լինելով պետության գույքային շահերի կոռուպցիոն խախտումների ուսումնասիրության և բացահայտման հետ, ունի ոչ պակաս ռիսկայնություն, ինչ կոռուպցիոն գործերով դատավարական ղեկավարումը։

Ավելին, ստեղծված իրավիճակում, երբ նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը հարուցված և բացառիկ հնչեղ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը շարունակում են գտնվել գրեթե բոլոր ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո, կամ նրանք են շարունակում իրականացնել այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներկա և առաջիկա երկու տարիների ընթացքում որևէ տարբերակում չի կարող լինել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների և այլ դատախազների աշխատանքի ռիսկայնության մեջ։

Հետևաբար, հանգամանքը, որ դատախազի աշխատանքը արտաքին ազդեցությունների հավանականության բարձր աստիճան ու ռիսկայնություն է ենթադրում անկախ նրանից, թե այն ինչ հանցագործությունների վերաբերյալ գործերով է իրականացվում կամ դատախազական որ գործառույթի շրջանակներում է իրականացվում, կասկածից վեր է։

Բացի այդ, անվիճելի է, որ դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը։ Թեև քիչ չեն երիտասարդ, ընդ որում՝ առավել հաճախ ԲՈՒՀ-ը նոր ավարտած իրավաբաններն, ովքեր դատախազի աշխատանքի նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածությամբ համալրում են դատախազների շարքերը, սակայն վերջին տարիներին դատախազության համակարգում կադրային հոսունությունը մտահոգիչ բնույթ ունի։ Ավելի հաճախ են դառնում այն դեպքերը, երբ դատախազության համակարգը համալրելուց և 3-4 տարի պաշտոնավարելուց ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց հետո դատախազները համալրում են փաստաբանական համայնքի շարքերը՝ նկատի ունենալով, որ ձեռք բերած փորձառությունն օգտագործելով և ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից և ազդեցությունների ռիսկերից, որպես փաստաբան աշխատելիս կարող են ստանալ և ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն: Արդյունքում դատախազությունը մասնագիտական աշխատանքի առաջին տարիներին հարթակ է ծառայում երիտասարդ իրավաբանների մասնագիտական փորձառության ապահովման համար, սակայն տված փորձառության արդյունքները դատախազության գործառույթներն իրականացնելիս չէ, որ իրացվում են։

Դատախազների վարձատրության ավելացումը անխուսափելիորեն կնպաստի նաև դատախազական համակարգը երիտասարդ, բանիմաց կադրերով համալրելու գործընթացին, քանի որ մասնավոր ոլորտում և պետական համակարգում աշխատավարձերի ներկայումս առկա ակնհայտ դիսբալանսը  իրավաբանների գերակշիռ մեծամասնությանը մղում է մասնավոր ոլորտ:

ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 412 անձ) ամսական դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 3.377.500.000 ՀՀ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել