Վարորդն արագությունը գերազանցելու իր մեղքը պատճառաբանում էր արագությունը սահմանափակող նշանի տեսանելիության բացակայությամբ

Ս.Բարխոյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 11.05.2012 թվականի թիվ 1200060045, 29.05.2012 թվականի թիվ 1200095663, 07.06.2012 թվականի թիվ 1200107949, 11.06.2012 թվականի թիվ 1200111446 որոշումներն ամբողջությամբ վերացնելու պահանջների մասին։

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 1200060045, մայիսի 29-ի թիվ 1200095663, հունիսի 7-ի թիվ 1200107949 և հունիսի 11-ի թիվ 1200111446 որոշումների համաձայն՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի արագաչափ տեսախցիկի արձանագրած 60 կմ/ժամը գերազանցելու համար, կազմվել են վարչական ակտեր իրեն տուգանելու մասին։ Նշված որոշումների հետ համաձայն չի հետևյալ պատճառաբանություններով.

Երևանի Արցախի փողոցում տեղադրված տեսանկարահանող արագաչափ սարքի առկայությունը փաստող նշանը օրենքով սահմանված հեռավորությունից տեսանելի չէ, որոշում կայացնող մարմնի կողմից խախտվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, այսինքն վարչական վերոհիշյալ ակտերն ընդունելուց հետո, դրանք իրեն են հանձնվել ոչ թե օրենքով սահմանված եռօրյա ժամկետում, այլ ավելի քան 20-25 օր ուշացումներով։ Ինչի հետևանքով նույն փողոցում տեղադրված տեսախցիկը մեկ ամսվա ընթացքում չորս անգամ արձանագրել է նույն խախտումը այն դեպքում, երբ առաջին անգամ կատարած խախտման արձանագրությունը ժամանակին ստանալու դեպքում հաջորդ երեքը կկանխվեին։

Պատասխանողի ներկայացուցիչ Հ.Վարդանյանը դատարանում հայտնել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ։

Դատարանի գնահատմամբ՝ սույն վարչական գործով Հայցվորը դիմել է դատարան, համարելով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված 11.05.2012 թվականի թիվ 1200060045, 29.05.2012 թվականի թիվ 1200095663, 07.06.2012 թվականի թիվ 1200107949, 11.06.2012 թվականի թիվ 1200111446 որոշումներով խախտվել են նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները` նրա վրա ոչ իրավաչափորեն դնելով պարտականություն։

Դատարանը գտել է, որ սույն վեճի լուծման համար պարզման ենթակա է հետևյալ իրավական հարցը՝ արդյոք, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 11.05.2012 թվականի թիվ 1200060045, 29.05.2012 թվականի թիվ 1200095663, 07.06.2012 թվականի թիվ 1200107949, 11.06.2012 թվականի թիվ 1200111446 որոշումները, ակտերով հասցեատիրոջ վրա դրված պարտականությունները իրավաչափ են, թե ոչ։ Պարզվել է, որ վարչական տույժ նշանակելու մասին 11.05.2012 թվականի թիվ 1200060045, 29.05.2012 թվականի թիվ 1200095663, 07.06.2012 թվականի թիվ 1200107949, 11.06.2012 թվականի թիվ 1200111446 որոշումներով Ս.Բարխոյանը՝ երթևեկության սահմանված արագությունը համապատասխանաբար 33 կմ/ժ-ով, 29 կմ/ժ-ով, 13 կմ/ժ-ով, 19 կմ/ժ-ով գերազանցելու համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` ընդհանուր առմամբ 80000 ՀՀ դրամի չափով։

Դատարանը գտնում է, որ Հայցվորի վրա դրված պարտականությունները իրավաչափ են, հաշվի առնելով, որ Ս.Բարխոյանի կողմից թույլ տրված իրավախախտումները համապատասխանում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին։

Դատարանը՝ անդրադառնալով Հայցվորի այն դիրքորոշմանը, որ վարչական ակտերը իրեն են հանձնվել ոչ թե օրենքով սահմանված եռօրյա ժամկետում, այլ ավելի քան 20-25 օր ուշացումներով, ինչի հետևանքով նույն փողոցում տեղադրված տեսախցիկը մեկ ամսվա ընթացքում չորս անգամ արձանագրել է նույն խախտումը այն դեպքում, երբ առաջին անգամ կատարած խախտման արձանագրությունը ժամանակին ստանալու դեպքում հաջորդ երեքը կկանխվեին, արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/2982/05/09 վարչական գործով 27.05.2010 թվականի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտն ուշացումով հասցեատիրոջը հասցնելը չի կարող հանգեցնել տվյալ ակտի անվավերության։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտն ուշացումով հանձնելու իրավական հետևանք է տվյալ ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու օրվան հաջորդող օրն ուժի մեջ մտնելը։»։

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 68-րդ կետի համաձայն` բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։ Վերոգրյալից բխում է, որ արագությունը սահմանափակող նշանի տեսանելիության բացակայության պայմաններում հայցվորը ողջամտորեն կարող էր ենթադրել, որ ինքն իրավունք ունի երթևեկել մինչև 60 կմ/ժ արագությամբ, իսկ սույն գործով հայցվորը այն գերազանցել է համապատասխանաբար 33 կմ/ժ-ով, 29 կմ/ժ-ով, 13 կմ/ժ-ով, 19 կմ/ժ-ով, հետևաբար հայցվորի պատճառաբանություններն անհիմն են։

Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել։

Սույն գործի վարույթը ներկայումս շարունակվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ հայցվոր կողմի բողոքի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել