Արցախի Հանրապետության դատախազ Գուրգեն Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ, որում ասվում է․
«Արցախի Հանրապետության դատախազության հարգելի աշխատակիցներ, դատախազության վետերաններ, շնորհավորում եմ դատախազության աշխատողի մասնագիտական տոնի առթիվ:
Ղարաբաղյան 98-ամյա պատմություն ունեցող դատախազությունն իր գոյության ընթացքում հայ ժողովրդի հետ անցել է բազմաթիվ արհավիրքներով, կրել է հարվածներ ու խոցվել շատ անգամներ, բայց շարունակել է մնալ պետության և պետականության, օրինականության ու իրավակարգի անդավաճան պաշտպանն ու գաղափարակիրը:
Արցախում և դրա շուրջը տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունները պարբերաբար ծնել ու դատախազությանը հրամցրել են անընդհատ փոփոխվող մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց ճկունորեն դիմագրավելը հեշտ չէր: Այդուհանդերձ, դատախազության համակարգը շարունակել է կանգուն մնալ ու գործել բազմաթիվ հայրենասեր, պատվախնդիր ու անկաշառ նվիրյալների շնորհիվ: Փառք, երախտիք ու պատիվ նրանց:
Այսօր դատախազության համակարգը կրկին կանգնած է նորահայտ մարտահրավերների առջև: Մենք ստանձնել ու համառորեն պետք է իրագործենք Արցախի Հանրապետության պետականության հիմքերն անսասան պահելու, օրինականություն և արդարություն հաստատելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները ժողովրդավարական ու իրավական պետություններին բնորոշ բովանդակությամբ ապահովելու առաքելությունը: Այդ ճանապարհին մենք հանդիպել ու, համոզված եմ, դեռ առերեսվելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բախվելու ենք համակարգային, խմբային, քաղաքական ու անձնական շահի վրա հիմնված տարաբնույթ երևույթների, բայց դրանք երբեք չեն կարող ընկճել մեր կամքը և զրկել մեզ մեր նահատակված քույրերի ու եղբայրների երազած անկախ, ազատ, ժողովրդավարական ու իրավական Արցախ կերտելու սուրբ գործը իրականություն դարձնելու հնարավորությունից:
Դատախազության համակարգի հարգելի աշխատակիցներ, ձեր ամենօրյա աշխատանքով է նաև պայմանավորված վաղվա Արցախի խաղաղ ու բարեկեցիկ օրը, դուք եք ձևավորում Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ ապագայի նկատմամբ հույսը և հավատը: Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը գործում է այս պարզագույն սկզբունքին տրված անդուրժ երդմամբ ու հավատարմությամբ, անձնական պատասխանատվությամբ: Խնդրում և պահանջում եմ շարունակել ձեր ծառայությունը՝ բարձր մնալով խմբային, նեղ-անձնական շահերից, հավատարիմ մնալ դատախազի վարքագծի կանոններին, ազատ լինել քննադատվելու, թիրախավորվելու մտավախությունից և հանրությանը ներկայանալ միայն խիզախ ու վեհ կեցվածքով: Այդպիսին չլինելը պարզապես հարիր չէ դատախազին և դատախազական համակարգին:
Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում անփորձանք, խաղաղ ու երջանիկ կյանք:
Փա՜ռք Արցախի Հանրապետությանը, փա՜ռք Արցախի ժողովրդին»: